Մատչելի հղումներ

Պենտագոնը հայտարարել է, որ չի օգնել Ուկրաինային ոչնչացնել ռուս գեներալներին


Այն, որ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ են փոխանցել ռուս բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին, ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի տրամադրել հետախուզական տվյալներ պատերազմական գոտում ռուս գեներալների գտնվելու վայրի մասին, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան ոչնչացնել նրանց:

Արձագանքելով The New York Times-ի կողմից ուկրաինացի զինվորականներին ուղղված ԱՄՆ բարձրաստիճան աջակցությանը՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ ԱՄՆ-ը ռազմական հետախուզություն է փոխանցում Կիևին՝ «օգնելու ուկրաինացիներին պաշտպանել իրենց երկիրը»:

«Մենք հետախուզական տեղեկատվություն չենք տրամադրում ռազմի դաշտում բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին և չենք մասնակցում թիրախավորման վերաբերյալ ուկրաինացի զինվորականների որոշումների կայացմանը», - ասել է Քիրբին:

The New York Times-ը չորեքշաբթի գրել էր, որ ԱՄՆ-ի տրամադրած հետախուզությունն օգնել է ուկրաինացի զինվորականներին սպանել մի քանի ռուս գեներալների Մոսկվայի ներխուժման սկզբից ի վեր:

Վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին՝ թերթը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի հարածների զոհ են գնացել մոտ մեկ տասնյակ ռուս գեներալներ, և նրանցից շատերի տեղակայման վայրը հայտնաբերվել է ԱՄՆ հետախուզության օգնությամբ:

Ուկրաինան հաջողություններ է արձանագրում հատկապես ռուսական հրամանատարական կետերի վրա հարձակման գործում և, ըստ որոշ տեղեկությունների, մոտ է եղել Դոնբասի ճակատային գծի մոտ գտնվող այն վայրին, որտեղ, իբր, գտնվել է ՌԴ շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ուկրաինացի զինվորականները ռմբակոծել են այդ վայրը Գերասիմովի հեռանալուց մի քանի ժամ անց։

The New York Times-ը գրել է, որ ԱՄՆ-ը տեղեկատվություն է փոխանցում ռուս զինվորականների շարժական շտաբի մասին, որոնք հաճախ փոխում են իրենց գտնվելու վայրը։

Հոդվածում ասվում էր, որ ուկրաինացի զինվորականներն օգտագործել են այս տեղեկությունը՝ զուգակցելով արդեն ունեցած տվյալների հետ, և հարձակվել բարձրաստիճան ռուս սպաների գտնվելու վայրի վրա։

Քիրբին ասել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում ռուս զինվորականների դեմ հարվածների վերաբերյալ։

«Ուկրաինան համատեղում է այն տեղեկատվությունը, որը մենք և մյուս գործընկերները տրամադրում ենք հետախուզական տվյալների հետ, որոնք իրենք հավաքում են մարտի դաշտում», - ասել է նա: «Դրանից հետո նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և ինքնուրույն գործողություններ են կատարում»։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը թերթի հրապարակումն անպատասխանատու է անվանել։

«ԱՄՆ-ը ռազմադաշտային հետախուզություն է տրամադրում՝ օգնելու ուկրաինացիներին պաշտպանել իրենց երկիրը», - ասել է Ադրիեն Ուոթսոնը: «Մենք հետախուզական տվյալներ չենք տրամադրում ռուս գեներալներին խոցելու մտադրությամբ։

Վաշինգտոնը Կիևին տրամադրում է արբանյակներից, էլեկտրոնային հսկողության սարքավորումներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվություն:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ուկրաինայի համար ԱՄՆ-ի տրամադրած տեղեկատվությունը Կիևին թույլ է տվել հարվածել ռուսական «Մոսկվա» հածանավին։

Հեռուստաընկերությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ուկրաինացի զինծառայողները հածանավի տեղակայման մասին հետախուզական տեղեկատվություն են ստացել Վաշինգտոնից։

Հայտնի չէ, թե արդյոք Վաշինգտոնը գիտեր ռուսական նավին հարվածելու Կիևի ծրագրերի մասին։ Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել համապատասխան որոշման ընդունմանը։

Հոդվածը պատրաստվել է Agence France-Presse գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG