Մատչելի հղումներ

ԱՄՆ և ՀՀ կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ


ԱՄՆ և ՀՀ կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ԱՄՆ և ՀՀ կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցութամբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած հաղորդագրության համաձայն, Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի ընթացիկ մակարդակը և քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման ներուժը։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ինչպես նաև պաշտոնատար անձինք՝ պաշտպանության նախարարությունից։ Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար դ-ր Քերին Դոնֆրիդը, պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք։ Ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և բարեկեցության երկուստեք խթանման մասով, Փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր գործուն աջակցությունն ու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական ու տնտեսական հասանելի ու արձագանքող հաստատություններ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում ավելի լավ կառավարում ու ավելի մեծ բարեկեցություն։ Պատվիրակությունների միջև աշխույժ երկխոսություն է ծավալվեց Հայաստանի դրական ժողովրդավարական ուղեգծին սատարելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ապահովվող աջակցության վերաբերյալ, որը ներառում է մարդու իրավունքների, մեդիա գրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումներին և նոր պարեկային ոստիկանությանը միտված ծրագրեր։ Պատվիրակությունները նաև քննարկել է դատական անկողմնակալության և խոսքի ազատության ամրապնդման հետ կապված հարցերը։ Տնտեսական ոլորտում երկուստեք բարեկեցության խթանմանն ուղղված կառուցակարգերի դիտարկումը նույնպես քննարկման առանցքային թեմաներից էր, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրրի ու ներդրումների խորացումն ու խթանումն աշխատուժի զարգացման միջոցով։

Անվտանգություն, խաղաղություն և տարածքաշրջանային հակամարտությունների կարգավորման առնչությամբ․ Պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցերը և փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում։ Պատվիրակությունները կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ և անդրադարձել են ԱՄՆ դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ միջազգային հանրությունից։

Նախարար Միրզոյանն ու հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակությունը ստորագրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր՝ միջուկային համագործակցության վերաբերյալ, որի միջոցով երկու երկրների կառավարությունները կկարողանան ավելի ամուր կապեր ձևավորել՝ միջուկային փորձագետների, արդյունաբերությունների ու հետազոտողների միջև։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նաև ստորագրել են երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։

XS
SM
MD
LG