Մատչելի հղումներ

Հիրոհիտոն և Երկրորդ համաշխարհային պատերազմի թունավոր ժառանգությունը Ուկրաինայի համատեքստում


Կայսր Շոուա կամ Հիիրոհիտո, նոյեմբեր, 1943 թվական

Ապրիլի 1-ին Ուկրաինայի կառավարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել «ժամանակակից ռուսիցիզմի գաղափարախոսության» մասին, որը ներկայացվում է որպես «բոլոր ռուսական կայսերական գաղափարախոսությունների խառնուրդ»։

Տեսանյութը նպատակ ուներ հակազդել Մոսկվայի այն պնդումներին, թե իր պատերազմը նպատակ ունի «դենացիֆիկացնել Ուկրաինան»։ Ենթադրությունն այն է, որ Ռուսաստանն ինքը դարձել է տոտալիտար համակարգ ունեցող պետություն:

Տեսանյութում նշվում է, որ ֆաշիզմն ու նացիզմը պարտվել են 1945 թվականին։ Եվ այն ցույց է տալիս Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի, Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի և կայսերական Ճապոնիայի պատերազմի օրերի առաջնորդ Հիրոհիտոյի լուսանկարները:

Ճապոնիայի կառավարությունը դեմ է արտահայտվել դրան: Այս ուղղությամբ բողոք է արտահայտվել նաև Ճապոնիայում Ուկրաինայի դեսպանը:

Ապրիլի 24-ին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության արտաքին կապերի բաժնի տնօրեն Մասահիսա Սատոն Twitter-ում գրել է, որ խնդրել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը «անհապաղ միջոցներ ձեռնարկել» տեսանյութի կապակցությամբ:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոզակին ավելի ուշ լրագրողներին ասել է.

«Կայսր Շոուայի վերաբերվել այնպես, ինչպես Հիտլերին և Մուսոլինիին, բացարձակապես անպատշաճ է: Դա չափազանց ցավալի է»:

Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին համակարծիք է.

«Այս կադրում օգտագործվում է Ճապոնիայի կայսրի լուսանկարը, ով ոչ մի կերպ կապված չէ պատերազմի բռնկման և ֆաշիստական գաղափարախոսության հետ: Ճապոնացիները շատ վիրավորված են, քանի որ դա արդար չէ և չի համապատասխանում պատմական փաստերին։ Կոչ ենք անում ուղղել սխալը. [Ճապոնիան] մեր ամենամեծ դաշնակիցներից մեկն է»,- գրել է նա թվիթերում:

Ասել, որ Հիրոհիտոն ոչ մի կապ չի ունեցել պատերազմի բռնկման հետ, սակայն, այդքան էլ ճիշտ չէ:

Ուկրաինայի կառավարությունը, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել տեսանյութի համար՝ ապրիլի 24-ին այն վերահրապարակելով Twitter-ում՝ առանց Հիրոհիտոյի պատկերի։

Ճապոնիայի օգնությունն Ուկրաինային, ներառյալ ոչ մահաբեր ռազմական տեխնիկայի տրամադրումը, աննախադեպ է համարվում մի երկրի համար, որի սահմանադրությունը բացառում է պատերազմը: Դա խրախուսում է Կիևին չվվիրավորել Տոկիոյին:

Բայց մի՞թե Ուկրաինան սխալվում է Հիտլերի ու Մուսոլինիի հետ Հիրոհիտոյի համեմատականի հարցում:

Փաստորեն, բանավեճը շարունակվում է այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է նշանակում ֆաշիզմ և արդյոք կայսերական Ճապոնիային կարելի է բնութագրել որպես ֆաշիստական:

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր և ֆաշիզմի փորձագետ Ռոբերտ Փաքսթոնը պնդում է, որ կայսերական Ճապոնիան ավելի ճիշտ է դիտարկել որպես «էկսպանսիոնիստական ռազմական դիկտատուրա՝ պետության կողմից հովանավորվող մոբիլիզացիայի բարձր աստիճանով», այլ ոչ թե «ֆաշիստական ռեժիմ»:

Հյուսիսային Քարոլինայի պետական համալսարանի պատմության պրոֆեսոր Դեյվիդ Ամբարասը, ով ուսումնասիրում է ժամանակակից Ճապոնիայի և նրա կայսրության սոցիալական պատմությունը, հակառակն է պնդում:

«Ճապոնիան ակնհայտորեն այս համակարգի մի մասն էր. ֆաշիզմն ուժեղացրեց իր իմպերիալիզմն ու միլիտարիզմը»,- գրել է նա Թվիթերում։

Անկախ նրանից, թե ինչպես է սահմանվում ֆաշիզմը, և արդյոք այն վերաբերում է կայսերական Ճապոնիային, նրա անցյալի միլիտարիզմը և ռազմական հանցագործությունները պատմական փաստեր են:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կայսերական Ճապոնիան դաշնակից էր հիտլերյան Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հետ:

Հիրոհիտոն պետության ղեկավարն էր Ճապոնիայի կայսերական էքսպանսիայի արշավի ժամանակ, ներառյալ 1931 թվականին ճապոնական բանակի կողմից Մանջուրիայի գրավման ընթացքում, որը որոշ պատմաբաններ համարում են պատերազմի իրական սկիզբը:

Ճապոնիան ներխուժեց, գրավեց և իրականացրեց համակարգված բռնության և մշակութային բռնաճնշումների արշավներ իր հարևանների մեծ մասի դեմ: Կայսերական Ճապոնիայի ջարդերի, վայրագությունների և միլիոնավոր մարդկանց հարկադիր աշխատանքի զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Թե ինչ դեր է խաղացել Հիրոհիտոն այս հարցում, շարունակում է մնալ քննարկման առարկա: Մեկ այլ գործիչ գեներալ Հիդեկի Տոջոն, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի վարչապետն էր, կենտրոնացած էր Ճապոնիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և պատերազմական ջանքերի համար: Տոջոն, ի վերջո, մահապատժի ենթարկվեց ռազմական հանցագործությունների համար:

Երբ 2014 թ-ին հրապարակվեց Հիրոհիտոյի պաշտոնական կենսագրությունը, Associated Press-ի զեկույցում նշվում էր, որ «կայսրը քննադատվել է այն բանի համար, որ թույլ է տվել իրեն օգտագործել որպես հոգևոր խորհրդանիշ ճապոնական միլիտարիզմի համար»՝ ավելացնելով «Պատմաբանների մեծ մասը նրան ներկայացնում է որպես հիմնականում թույլ գործիչ»:

Associated Press-ն առանձին զեկույցում նշում է, որ «Հիրոհիտոյի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում երբեք չի հաստատվել, քանի որ նա Տոկիոյի պատերազմական հանցագործությունների դատավարության ժամանակ վայելում էր ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի աջակցությունը, որը ցանկանում էր օգտագործել նրան որպես խորհրդանիշ Ճապոնիան վերականգնելու համար»:

Այնուամենայնիվ, հայտնի պատմաբաններն ասում են, որ Հիրոհիտոն անմեղ չէր: Նրանց թվում է Հերբերտ Պ. Բիքսը, ում կենսագրությունը Հիրոհիտոյի մասին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։

«[Հիրոհիտոն] երբեք խամաճիկ չի եղել», - գրել է Բիքսը: «Նա չկարողացավ կանխել իր բանակի ներխուժումը Մանջուրիա 1931 թ-ին, ինչը ստիպեց Ճապոնիային դուրս գալ Ազգերի լիգայից, բայց նա թույլ տվեց 1937 թ-ին լայնամասշտաբ ներխուժում Չինաստան, որը Ճապոնիան տեղափոխեց տոտալ պատերազմական վիճակ:

«Նա սերտ վերահսկողություն էր իրականացնում Չինաստանում քիմիական զենքի կիրառման հարցում և թույլատրել 1941 թվականին Փերլ Հարբորի վրա հարձակումը: Նույնիսկ պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ի կազմած նոր Սահմանադրությունը զրկեց նրան իշխանությունից, նա շարունակեց միջամտել քաղաքականությանը»:

Ճապոնացի պատմաբան Ակիրա Ֆուջիվարան պնդում է, որ այն համոզմունքը, որ կայսրը չէր կարող ազդել Ճապոնիայի կառավարության որոշումների վրա, «առասպել է, որը հորինվել է պատերազմից հետո»։

Պատմաբան Փիթեր Վեցլերն էլ ասում է, որ Ֆուջիվարան «բավարար ապացույցներ չի ներկայացրել այս եզրակացությունը հաստատելու համար», սակայն համակարծիք է կայսերական բանակի և նավատորմի պլանների ձևավորման հարցում Հիրոհիտոյի դերի մասին Ֆուջիվարայի պնդումների հետ:

Կայսերական ճապոնացի պաշտոնյայի հուշագիրը, որը հայտնաբերվեց 2018 թվականին, հաստատում է այն տեսակետը, որ Հիրոհիտոն առնվազն մասամբ պատասխանատու է պատերազմ սկսելու համար:

Ըստ այդ գրության՝ այն պնդումը, որ Հիրոհիտոն վախենում էր պատերազմ սկսելուց, չափազանցված է, և որ նրա անսասան աջակցությունը կառավարության՝ դիվանագիտությունից հրաժարվելու մասին որոշմանը, քաջալերում էր Տոջոյին:

Պատերազմի պատմության գծով Նիհոնի համալսարանի փորձագետ Տակահիսա Ֆուրուկավան Տոջոյին ներկայացրեց որպես «բյուրոկրատ, ով ի վիճակի չէր ինքնուրույն որոշումներ կայացնել»։ Դա ստիպեց նրան դիմել Հիրոհիտոյին «որպես իր ղեկավարի»։

«Այդ պատճառով նա պետք է ամեն ինչ զեկուցեր, որպեսզի կայսրը որոշեր։ Եթե կայսրը չասեր ոչ, ապա նա կշարունակեր», - ասաց Ֆուրուկավան Associated Press-ին:

Ժամանակակից Ճապոնիան շարունակում է պայքարել իր անցյալի դեմ։

Ճապոնիան բանավիճում է պատերազմի ժամանակ իր զոհերի թվաքանակի հարցում, մասնավորապես՝ Չինաստանի հետ՝ փորձելով նսեմացնել բանակի ներգրավվածությունը հարկադիր սեռական ստրկության, ինչպես նաև Նանջինգի ջարդերի ժամանակ կատարված վայրագությունների հարցում:

Ավելին, Ուկրաինան ինքը պատերազմի ժամանակ ֆաշիզմի հետ կապված ունի իր սեթական պատմությունը։

Մի նշանավոր և հակասական ուկրաինացի գործիչ՝ Ստեփան Բանդերան, ղեկավարում էր ազգայնական շարժումը հանուն Խորհրդային Միությունից Ուկրաինայի անկախացման: Բանդերան պատերազմի սկզբում համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, սակայն հետագայում ձերբակալվել է գերմանական գեստապոյի կողմից և ուղարկվել համակենտրոնացման ճամբար։

Ոմանք Ուկրաինայում Բանդերային համարում են ազատամարտիկ, իսկ մյուսները նրան համարում են նացիստական դաշնակից, որի կազմակերպությունը՝ Ուկրաինացի ազգայնականների օրդենը, կազմակերպել և իրականացրել է լեհերի և հրեաների ջարդեր:

Հոդվածը պատրաստվել է POLYGRAPH.info կայքում հրապարակված Վիլիամ Էքոլսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG