Մատչելի հղումներ

Իրավիճակը սրվում է նաեւ Ուկրաինայի արևելյան Կրամատորսկ քաղաքում


Երկուշաբթի օրն առավոտյան ռուսական երկու հրթիռ հարվածել են Ուկրաինայի արեւելյան հատվածում գտնվող Կրամատորսկ քաղաքի բնակելի մի թաղամասի: Զոհեր չկան: Այդուհանդերձ, հարձակումը վնասել է մոտակա բնակելի շենքի պատուհանները և հողի մեջ թողել երկու մեծ մխացող խառնարաններ:

«Իրավիճակը սրվում է քաղաքի շուրջ», - երկուշաբթի օրը Reuters-ին ասել է Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն: «Մեզ հրթիռակոծում են ամեն գիշեր, ամեն օր»,- ասել է նա:

Օդային հարձակման ազդանշանների անընդհատ ահազանգի ներքո տեղի բնակիչներից ոմանք իրենց նախաձեռնությամբ դուրս են գալիս ապակու բեկորները մաքրելու համար: ‘’Դա անում ենք, որ մարդիկ կարողանան քայլել’’, ասում են նրանք ու երազում խաղաղության մասին:

Երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմական և հարակից ռազմական թիրախների՝ օգտագործելով օդուժ, հրթիռային ուժեր, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ օդից արձակված հրթիռները գիշերը ոչնչացրել են ուկրաինական 16 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ հինգ հրամանատարական կետեր, վառելիքի պահեստ և երեք զինամթերքի պահեստներ, ինչպես նաև ուկրաինական զրահատեխնիկա, որոնց արդյունքում սպանվել են ուկրաինական բանակի զինվորականներ։

Նշվում է, որ այդ հարվածները տեղի են ունեցել Խարկիվի, Զապորոժժիայի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում և Միկոլաեւի նավահանգստում: Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել 108 շրջանների ուղղությամբ, որտեղ, ըստ ռուսական կողմի, կենտրոնացված են ուկրաինական ուժերն ու զրահատեխնիկան։

Ռուսաստանն իր գործողություններն անվանում է ‘’հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի ապառազմականացման և վտանգավոր ազգայնականներին ոչնչացնելու համար, որոնց աջակցում է ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ռազմական դաշինքը’’:

Արևմուտքը և Կիևը նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում են չհրահրված ագրեսիայի մեջ։

Հոդվածը կազմված է ‘’Ռոյթերս’’ գործակալությունից ստացված լուրերի հիման վրա:

XS
SM
MD
LG