Մատչելի հղումներ

Աղքատությունն ու արտագաղթը Թուրքիայի արևելյան շրջաններում 


Թուրքիայում գների աճի պայմաններում երկրի ամենաաղքատ արևելյան շրջանների բնակիչների կյանքը շատ ծանր է: Շատերը էթնիկ քրդեր են, ովքեր երկար ժամանակ Անկարային մեղադրում են խտրականության մեջ: Այս պայմաններում այստեղ աճում է անօրինական արտագաղթը դեպի ԱՄՆ

Արևելյան Թուրքիայի լեռներում գտնվող Աղջաշար գյուղում արական սեռի բնակչությունը արագորեն պակասում է:

Այստեղ կյանքը դժվար է: Կենդանական չոր գոմաղբը օգտագործվում է տաքացման և կերակույր պատրաստելու համար։ Շատ տներ զրկված են ջրային համակարգից:

«Մեր բոլոր ընկերները գնացել են, ոմանք վաճառել են իրենց անասունները, վաճառել են իրենց հողերը, իսկ մեծ մասը՝ հեռացել: Այստեղ միայն ես եմ մնացել իմ երկու-երեք ընկերների հետ: Մենք չենք կարող հեռանալ, քանի որ դրա համար չունենք միջոցներ: Նրանք, ովքեր փող ունեին, հեռացան Ամերիկա՝ այնտեղ աշխատելու համար»,-ասում է Աղջաշարի բնակիչ Բուրհան Օզդեմիրը։

Աղջաշարը առերեսվում է երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց արտագաղթի հետ՝ պայմանավորված գործազրկությամբ, եւ Ամերիկայում առկա հնարավորություններով: Դրան նպաստում են նաև ԱՄՆ անօրինական ներգաղթով զբաղվող խմբավորումները, որոնք վերջերս են տեղափոխվել գյուղ:

Համալսարանի ուսանող Օմերը, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը, պատրաստվում է մեկնել ԱՄՆ։

«Ուզում եմ գնալ Ամերիկա, որովհետև եթե անգամ ուսումս ավարտեմ ու մասնագիտություն ստանամ, լավ աշխատավարձ չեմ ունենա։ Այստեղ աշխատավարձը ամսական երեք հարյուր դոլար է, իսկ այնտեղ՝ երեք հազար։ Եղբայրս վերջերս գնաց Ամերիկա, ասում է, որ այնտեղ ազատ է, և ամեն ինչ լավ է։ Նա կաշխատի, ինձ փող կուղարկի, ես էլ կգնամ»,- պատմում է նա։

ԱՄՆ անօրինական ներգաղթող զբաղվող խմբերը լեռնային գյուղեր են տեղափոխվել Իրանի սահմանի մոտ գտնվող մերձակա Ագրի նահանգից, որը Թուրքիայի ամենաաղքատ շրջաններից է:

Պաշտոնական թվեր չկան, բայց ըստ որոշ գնահատականների, վերջին տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են Ագրիից Միացյալ Նահանգներ և Կանադա: Ապրիլին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 61 տոկոսի, իսկ աշխատավարձը չի ապահովում աճի նման տեմպեր։

«Մսավաճառները թանկացրել են միսը, հացթուխները՝ հացը: Աղքատները չեն կարողանում ապրուստի միջոցներ հայթայթել»,- ասում է Ագրի բնակիչ Հաջի Հալիսը:

Տեղացիները «Ամերիկայի Ձայն»-ին ասացին, որ անօրինական ներգաղթող զբաղվողները սովորաբար գանձում են մոտ 15 հազար դոլար և ներգաղթյալների համար գնում ավտոբուսի տոմս դեպի Անկարա կամ Ստամբուլ և չվերթ` դեպի Մեքսիկա:

Նրանք այնուհետև հատում են սահմանը դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց մեծ մասը կալանավորվում է, քանի դեռ սպասում են ապաստանի հայցերին: Քուրդ գաղթականները հաճախ են նշում Թուրքիայում իրականացվող հալածանքները։

Խանութի սեփականատեր Ալի Չափքարն ասում է, որ իր եղբայրը վեց ամիս առաջ մեկնել է ԱՄՆ։

«Ավելի լավ կյանքի և ավելի շատ փողի համար։ Գրեթե բոլոր երիտասարդները հեռացել են։ Ագրիից ամեն օր գնում է մոտ 100 կամ 150 մարդ։ Մարդիկ քաղցած են»,- ասում է խանութի սեփականատեր Ալի Չափքարը։

Դա աղքատությունից դրդված քայլ է: Հյուսիսային Ամերիկայում նոր կյանքի գրավչությունն աճում է, քանի որ առօրյան օրեցօր դժվարանում է:

Հոդվածը պատրասվել է Հենրի Ռիջվելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG