Մատչելի հղումներ

Բլինքեն. «Ի վերջո, Չինաստանը պետք է ընտրություն կատարի».


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Չինաստանն ի վերջո պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ներկա հակամարտությունում, քանի որ դա «ազդում է աշխարհում նրա հեղինակության վրա»։

Ելույթ ունենալով Միչիգանի համալսարանի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ՝ Բլինքենը հիշեցրել է, որ նույնիսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։

«Այժմ հարց է, թե որոնք են այժմ այդ սահմանները, երբ Չինաստանը գտնվում է երկընտրանքի մեջ», - ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։ Բլիքենը հիշեցրել է, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և դրա հիմքում ընկած սկզբունքների վրա։

Ինչպես ընդգծել է Բլինքենը, «այժմ այս սկզբունքները վիճարկվում են» Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կպաշտպանի այդ սկզբունքները: Բայց Պեկինը դա չի անում եւ հսկայական անջրպետ կա այն ամենի մեջ, ինչի մասին Չինաստանը հանդես է գալիս խոսքերով, եւ իրականացնում գործողություններով’’ ,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ ավելացրել, թե կարծում է, որ դրանով իսկ Չինաստանը վնասում է աշխարհում իր իսկ հեղինակությանը:

« Եվ, ի վերջո, Չինաստանը պետք է ընտրություն կատարի»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ի պետքարտուղարը նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախում թույլ չտալը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից։

«Մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի Ուկրաինան լինի վստահ, որ ունի միջոցներ ապահովելու իր անվտանգությունը և, ի վերջո, ամրապնդելու իր դիրքերը ցանկացած հնարավոր դիվանագիտական լուծման հարցում», - ասել է Բլինքենը։

Խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները ձգտում են «ուկրաինացիներին որքան հնարավոր է արագ կերպով հասցնել այն միջոցները, որոնց օգտագործման ձեւերը գիտեն Ուկրաինայում:

Հոդվածը պատրաստված է ''Ռոյթերս''-ի հաղորդած լուրերի հիման վրա:

XS
SM
MD
LG