Ջեքսոնը դառձել է առաջին աֆրոամերիկացի կին դատավորը երկրի բարձրագույն դատական ատյանում
Քեթանջի Բրաուն Ջեքսոնը հինգշաբթի օրը Սենատի կողմից հաստատվել է որպես Գերագույն դատարանի դատավոր: Ջեքսոնը դարձավ երկրի պատմության մեջ առաջին սևամորթ կինը, ով կստանձնի դատավորի պաշտոնը երկրի բարձրագույն դատական ատյանում՝ Գերագույն դատարանում:
Դաշնային վերաքննիչ դատարանի 51-ամյա դատավորի թեկնածության օգտին քվեարկել է 53 սենատոր՝ բոլոր դեմոկրատները, անկախ սենատորները և միայն երեք հանրապետականներ՝ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Միթ Ռոմնին։ 47 հանրապետականներ հրաժարվել են աջակցել Ջեքսոնին։
Գերագույն դատարանի դատավորի Սենատում հաստատվելու համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն:
Ջեքսոնը կփոխարինի 83-ամյա դատավոր Սթիվեն Բրեերին, ով համարվում է լիբերալ, և իր պարտականությունները կավարտի հունիսի վերջին։ Դրանից հետո տեղի կունենա Ջեքսոնի երդմնակալությունը։
Նախագահ Ջո Բայդենը հեռուստատեսությամբ դիտում էր Սենատի քվեարկությունը Ջեքսոնի հետ միասին Սպիտակ տնից:
«Դատավոր Ջեքսոնի հաստատումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։ Մենք ևս մեկ քայլ ենք արել առաջ, որ մեր բարձրագույն դատական մարմինը արտացոլի Ամերիկայի բազմազանությունը: Նա հիանալի դատավոր կլինի, և ես պատիվ ունեմ կիսել նրա հետ այս պահը», - գրել է Ջո Բայդենը Twitter-ում:
1789 թվականին ստեղծված ԱՄՆ Գերագույն դատարանի 115 անդամներից միայն երեքը սպիտակամորթ չէին: Մինչ այժմ դատարանում աշխատել են միայն երկու աֆրոամերիկացիներ՝ պահպանողական դատավոր Կլարենս Թոմասը, ով նշանակվել է այս պաշտոնում 1991 թվականին, և Սերգուդ Մարշալը, ով թոշակի է անցել 1991 թվականին։ Դատավոր Սոնյա Սոտոմայորը, որն այժմ դատարանում է, միակ իսպանախոս ամերիկացին է, ով նշանակվել է այդ պաշտոնում:
Ջեքսոնը կդառնա Գերագույն դատարանի վեցերորդ կին դատավորը։
Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը քննադատել է Ջեքսոնի թեկնածությունը լսումների ժամանակ՝ նրան անվանելով «արմատական ձախ» և անհանգստություն հայտնելով դատավորի գործունեության վերաբերյալ, ով, իր կարծիքով, չափազանց մեղմ է վերաբերվել որոշ դատապարտյալների պատիժը կայացնելիս:
Դեմոկրատ սենատոր Չակ Շումերն այսօր նշել է, որ ամերիկյան պատմությունը խաթարվել է ստրկությամբ և ընդգծել, որ այս ամենը կանանց և սևամորթ ամերիկացիների իրավունքների համար պայքարի արդյունք է: Սենատում դեմոկրատների առաջնորդը հավելել է.
«Այսօր մենք հսկա, համարձակ և կարևոր քայլ կատարեցինք առաջ՝ մեր երկրի հիմնադիր խոստումը կատարելու հարցում»:
Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա