Մատչելի հղումներ

Ռուսական ապատեղեկատվական քարոզչությունն ու Բուչայի սպանդը


Կիևի Բուչա արվարձանից տարածվում են բազմաթվ դիակների սարսափելի տեսանյութեր և լուսանկարներ, իսկ Կրեմլի աջակցությունը վայելող լրատվամիջոցները դրանք որակում են ֆեյք: Ուկրանացի լրագրողները ի ցույց են դնում ռուսական այդ պնդումների կեղծ բնույթը

Երբ Կիևի Բուչա արվարձանից սկսեցին տարածվել բազմաթիվ սպանված մարդկանց պատկերող տեսանյութեր և լուսանկարներ, Կրեմլի կողմից հովանավորվող ԶԼՄ-ները պնդում էին, որ դրանք բեմադրված կեղծիքներ են: Արդյունքում, ուկրաինացի լրագրողները ստիպված են բացահայտել ռուսական լրատվամիջոցների ապատեղեկատվությունն այն մասին, որ Բուչայի սպանդը բեմադրված կեղծիք է:

Յուրաքանչյուր լուր կամ տարածված հաղորդագրություն որակելով կեղծ՝ Մոսկվան ձգտում է շփոթություն առաջացնել իր հակառակորդների շրջանում: Տարիներ ի վեր ռուսական պրոպագանդան օգտագործում է այս մարտավարությունը, որը կատարելագործվել է սոցիալական մեդիայի կիրառմամբ այնպիսի վայրերում, ինչպիսին է Սիրիան:

Երեքշաբթի օրը միլիոնավոր հեռուստադիտողների ներկայությամբ ռուսական պետական հեռուստաալիքների թղթակիցները և հաղորդավարները իրենց եթերների ընթացքում մանրամասն անդրադարձել են Բուչայի սպանությունների որոշ լուսանկարների և տեսանյութերի՝ դրանք որակելով ''կեղծ'': Մնացած դեպքերում նրանք ողջ պատասխանատվությունը բարդել են ուկրաինացիների վրա՝ պնդելով, որ վերջիններս են իրագործել սպանությունները:

Այս թյուր պնդման վառ օրինակներից է «Ռոսիա-1» հեռուստաալիքի երկուշաբթի օրվա երեկոյան լրատվական հաղորդման եթերը, որը պնդում էր, որ անշունչ մարմիններից մեկը շարժել է ձեռքը, իսկ որոշ մահացածներ նույնիսկ վեր են բարձրացել իրենց տեղից:

Սակայն հրապարակված բարձրորակ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ մարդկանց անշունչ մարմիններից մի քանիսը ընկած են եղել Բուչայի բնակելի փողոցներում դեռևս մարտի սկզբին, երբ քաղաքն արդեն ռուսական օկուպացիայի ներքո էր: Ապրիլի 2-ին ուկրաինացի մի փաստաբանի կողմից համացանցում տեղադրվեց տեսանյութ, որը նկարահանված էր շարժվող մեքենայից, որտեղ ցուցադրվել են այդ նույն անշունչ մարմինները, որոնք դեռևս գտնվում էին Բուչայի Յաբլոնսկա փողոցում: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունն անկախ հետաքննությամբ համեմատել է Maxar Technology ընկերությունից ստացված Բուչայի արբանյակային պատկերներում տեղորոշված մարմինները, որոնք համապատասխանում էին հրապարակված տեսանյութի և լուսանկարների հետ: Նմանատիպ հետազոտություններ կատարել են նաև արևմտյան այլ լրատվամիջոցներ:

AP-ի լրագրողները տեսել են տասնյակ մարդկանց մարմիններ, որոնցից շատերին գնդակահարել են մոտ տարածությունից, իսկ ոմանց ձեռքերը կապված էին մեջքի հետևում: Այս դիերը մնացել էին Բուչայի փողոցներում անցյալ շաբաթ ռուսական զորքերի նահանջից հետո: Բացի այդ, երեքշաբթի օրը AP-ի լրագրողները վեց այրված դիակների շրջանում նկատել են սպանված երեխայի մարմին` սևացած ոտքով:

Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները շարունակում են պնդել իրենց սեփական պատմությունը՝ ներկայացնելով այն թերթերում, ռադիո կամ հեռուստաեթերներում: Կրեմլամետ հանրահայտ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կայքը իր գլխավոր էջում անդրադառնում է Ուկրաինայում զանգվածային սպանություններին՝ անհիմն պնդելով, որ կան անհերքելի ապացույցներ, որ «Բուչայի ցեղասպանությունը» իրականացվել է ուկրաինական ուժերի կողմից:

Երեքշաբթի РИА Новости պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված սյունակում ենթադրություն է արվել, որ Բուչայի սպանությունները Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելու հնարք էին:

Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինա վեց շաբաթ առաջ սկսված ներխուժման ընթացքում առաջին անգամը չէ, որ Կրեմլը կիրառում է տեղեկատվական պատերազմի նման ռազմավարություն՝ հերքելով ցանկացած սխալ արարք և ապատեղեկատվություն տարածելով համակարգված արշավի ընթացքում ամբողջ աշխարհով մեկ:

Պատերազմից առաջ Ռուսաստանը հերքում էր ԱՄՆ հետախուզության հաղորդագրությունները, որոնք մանրամասնում էին Ուկրաինայի վրա հարձակվելու իր ծրագրերի մասին: Անցյալ ամիս ռուս պաշտոնյաները փորձեցին վարկաբեկել AP-ի լուսանկարներն ու հաղորդագրությունները Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգստային քաղաքի ծննդատան ռմբակոծության հետևանքների մասին, որի հետևանքով մահացել էր մի հղի կին և նրա դեռ չծնված երեխան:

Բուչայից արված լուսանկարներն ու տեսանյութը համաշխարհային դատապարտման նոր ալիք են բարձրացրել:

Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հեռավար իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին թվարկեց Բուչայում ռուսական զորքերի սպանությունները և ներկայացրեց այնտեղ և այլ քաղաքներում սպանված մարդկանց մարմիններ ցուցադրող տեսանյութ: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան դրանք անվանել է ''բեմականացված'':

Սոցիալական ցանցերում տասնյակից ավելի ռուսամետ կամ ռուսական պաշտոնական էջեր տարբեր լեզուներով շարունակում են պնդել Կրեմլի այն անհիմն տեսակետը, որ սպանված մարդկանց պատկերներն ու տեսանյութերը բեմադրված են կամ կեղծիք են: Իսպանալեզու RT en Español-ն ավելի քան մեկ տասնյակ գրառում է արել իր 18 միլիոն հետևորդների համար, ուր նշվում է, որ Ռուսաստանը հերքում է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ մեղադրանքները:

Նույն գրառումներից մի քանիսը փորձում էին հերքել այն պնդումները, որ սպանություններն իրականացրել են ռուսական զորքերը՝ մատնանշելով Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի տեսանյութը, որը արվել է մարտի 31-ին, որտեղ նա խոսում էր քաղաքի ռուսական օկուպացիայից ազատվելու մասին:

«Նա հաստատում է, որ ռուսական զորքերը լքել են Բուչան։ Փողոցներում դիակների մասին ոչ մի հիշատակում չկա»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ռուս բարձրաստիճան պաշտոնյա Միխայիլ Ուլյանովը:

Բայց Ֆեդորուկը հրապարակայնորեն մեկնաբանել է վայրագությունները նախքան ռուսական զորքերի հեռանալը մարտի 28-ին իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որտեղ նա մեղադրել էր ռուսական կողմին Բուչայում սպանություններ և բռնաբարություններ իրականացնելու մեջ:

Մարտի 7-ին AP-ին տված հարցազրույցում Ֆեդորուկը խոսեց Բուչայում կուտակված դիակների մասին: «Մենք նույնիսկ չենք կարող հավաքել դիակները, քանի որ ծանր զենքերից գնդակոծությունը չի դադարում ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Քաղաքի փողոցներում շները մասնատում են մարդկանց մարմինները: Սա մղձավանջ է»,- ասել էր նա:

Maxar Technologies-ի արբանյակային պատկերները հաստատում են Ֆեդորուկի պատմությունները փողոցներում անշունչ մարմինների առկայության մասին՝ ցույց տալով առնվազն հինգ դիակ մեկ ճանապարհի վրա:

Որոշ սոցիալական հարթակներ փորձել են սահմանափակել Կրեմլի քարոզչությունն ու ապատեղեկատվությունը: Google-ն արգելափակել է RT-ի էջը, մինչդեռ Եվրոպայում RT-ն և Sputnik-ն արգելվել է Meta տեխնոլոգիական ընկերության կողմից, որը նույնպես դադարեցրել է ռուսական պետական մեդիայի էջերի առաջ մղումը կամ ուժեղացումը իր հարթակներում, որոնք ներառում են Facebook-ը և Instagram-ը:

Ռուսաստանը ճանապարհներ է գտել՝ շրջանցելու այս արգելափակումները՝ գրառումներ հրապարակելով տարբեր լեզուներով ռուսական սոցիալական ցանցերի տասնյակ պաշտոնական էջերում: Փորձագետները պնդում են, որ դա բավականին զորեղ քարոզչություն է, որի տարածման համար օգտագործվում է ապատեղեկատվական քարոզարշավի ողջ ներուժը, ներառյալ տարբեր դեսպանատների պաշտոնական էջեր, բոտեր, վճարովի էջեր, հակաարևմտյան գործիչների միջոցով գրառումներ:

Հոդվածը պատրաստվել է Associated Press-ի լրագրողներ Ամանդա Սեյթզի ու Արիջետա Լաջկայի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG