Մատչելի հղումներ

Հաշոգիի սպանության հարցով դատավարությունը Թուրքիայից տեղափոխվում է Սաուդյան Արաբիա


Թուրքիայի դատարանը դադարեցրել է լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանության մեջ մեղադրվող 26 սաուդցիների դատավարությունը և կայացրել է այն Սաուդյան Արաբիա տեղափոխելու որոշում։

Սաուդցիներին հեռակա կերպով էին դատում Հաշոգիի սպանության մեղադրանքով: Հիշեցնենք, որ վերջինիս 2018 թվականին սպանել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ուր նա ժամանել էր իր թուրք հարսնացուի հետ ամուսնանալու համար փաստաթղթեր ստանալու նպատակով:

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի խիստ քննադատ Հաշոգիի սպանությունը ցնցել էր աշխարհը։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հետախուզության կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հավանություն է տվել Հաշողջիի սպանությանը կամ ձերբակալման գործողությանը։

Դատավարությունը սկսվել էր 2020 թվականին՝ երկու սուննի մահմեդական պետությունների միջև առկա լարված հարաբերությունների պայմաններում: Սակայն Թուրքիան վերջերս կատարում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու քայլեր, երբ իր տնտեսական ծանր պայմանները հաղթահարելու նպատակով փորձում է ներդրումներ իրականացնել այս երկրում:

Դատավարությունը Սաուդյան Արաբիա տեղափոխելու մասին Թուրքիայի դատարանի կայացրած որոշումը քննադատության է ենթարկվում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Այս լուրը կազմելիս` օգտվել ենք ‘’Associated Press’’, ‘’Reuters’’ և ‘’Ֆրանս փրես’’ գործակալություններից ստացված տեղեկություններից:

XS
SM
MD
LG