Մատչելի հղումներ

«Մեծ յոթնյակի» երկրները պահանջում են հեռացնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից


Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել

«Մեծ յոթնյակի» (G-7) երկրների արտգործնախարարները հանդիպում են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Հանդիպման արդյունքներով արտգործնախարարները տարածել են հայտարարություն, ուր ասված է.

«Մենք՝ G7 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարները և Եվրամիության բարձր ներկայացուցիչը խստագույնս դատապարտում ենք Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունները Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, որն ի ցույց է դնում Ռուսաստանի դաժան և ագրեսիվ պատերազմի իրական դեմքը Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ»,- ասված է փաստաթղթում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Բուչայում և այլ քաղաքներում ագրեսորների կողմից ուկրաինական հողի վրա իրականացված սպանդերը կներառվեն վայրագությունների և միջազգային օրենքների, այդ թվում՝ մարդասիրական օրենքների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների ցանկում»։

G7-ի արտգործնախարարները հայտարարում են, որ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի ներկայությամբ» նրանք «այսօր… անկեղծ համերաշխություն են հայտնել ուկրաինացի ժողովրդին և… խորին ցավակցություններ հայտնել այս պատերազմի զոհերի ընտանիքներին»:

Նախարարները հայտնում են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում և… պատրաստակամությունը շարունակելու օգնել երկրին հետագայում՝ ներառյալ ռազմական տեխնիկայի առաքման և ֆինանսական միջոցների տրամադրման ասպարեզներում, «որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից»:

G7-ի անդամները պարտավորվում են համապարփակ օգնություն և անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրել միջազգային կազմակերպություններին, որոնք հավաքում են իրեղեն ապացույցներ և իրականացնում ուկրաինական հողում ռուսական կողմի կողմից կատարված բոլոր պատերազմական հանցագործությունների ամբողջական հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելու համար բոլոր մեղավորներին, այդ թվում՝ Բելառուսի Լուկաշենկոյի ռեժիմը, որը փաստաթղթում նշվում է որպես Կրեմլի «մեղսակից»:

«Մենք համոզված ենք, որ եկել է Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու ժամանակը»,- ասված է հայտարարության մեջ։

G7 երկրները կրկին պահանջել են Մոսկվայից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, պահպանել զանգվածային ոչնչացման զենքի և հարակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ բոլոր միջազգային նորմերը, ինչպես նաև տրամադրել մարդասիրական միջանցքներ միջազգային կազմակերպություններին Ուկրաինայի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG