Մատչելի հղումներ

Հավելյան տեղեկություններ են հավաքվում Բուչայում պատերազմական հանցագործությունների մասին


«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները, այլ լրագրողներ և իրավապաշտպան խմբեր այցելել են Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքը եւ փաստագրել, որ ռուսական ուժերի հետքաշումից հետո այստեղ բացահայտվել են տեղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների խոշտանգման, բռնբարությունների եւ մարդկանց դիակների հրկիզման դեպքեր:

Բուչա այցելելուց հետո, Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեքշաբթի օրը, հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հորդորել է մեղավորներին կանգնեցնել արդարադատության առջեւ:

«Աշխարհը դեռ պետք է տեսնի, թե ինչ են ռուսական ուժերն արել մեր երկրի օկուպացված մյուս քաղաքներում և շրջաններում», ասել է նա:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցին տեղի բնակիչները պատմել են, թե ինչպես են ռուս զինվորականներն իրենց ասել, թե իբր բնակիչները հարձակումներ են գործել իրենց անցակետերի դեմ, դրա համար էլ պետք է գնդակահարեն նրանց:

Փորձագետներից Ալեքսանդր Դաունսն ասում է, թե այն հանգամանքը, որ ռուս զինվորականները ստացել են քաղաքացիական անձանց, կամ նույնիսկ գերված զինյալներին սպանելու հրամաններ, արդեն իսկ պատերազմանակ հանցագործություն է: Սակայն, ավելացրել է նա, դժվար կլինի մեղավորներին պատասխանատվության առջեւ կանգնեցնել, եթե նրանք մնան Ռուսաստանում:

Երեքշաբթի օրը Բրյուսել մեկնելու ճանապարհին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով Բուչայից ստացված տեղեկությունների մասին, ասել է. «Այն, ինչ մենք տեսանք Բուչայում, պատահական գործողություններ չեն: Դրանք սպանությունների, խոշտանգումների, բռնաբարությունների ու վայրագությունների կազմակերպված ու միտումնավոր գործողություններ են: Իսկ այս մասին տեղեկությունները ավելի քան վստահելի են’’, ասել է նա:

Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգներն այլ երկրների հետ աշխատանքներ է ծավալում Ուկրաինայի գլխավոր դատախազին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ռազմական հանցագործությունների մասին հավելյալ ու ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու համար:

Ռուսաստանը պնդում է, թե Բուչայում վայրագությունների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել ականատեսների կողմից։ Ականատեսներն էլ հերքում են Ռուսաստանի այս պնդումները:

XS
SM
MD
LG