Մատչելի հղումներ

«Նովայա գազետա»-ն դադարեցրել է աշխատանքը


«Նովայա գազետա»-ն, որի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն անցյալ տարի արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի, երկուշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է իր առցանց և տպագիր գործունեությունը մինչև Ուկրաինայի պատերազմի ավարտը: «Մենք կասեցնում ենք թերթի հրապարակումը կայքում, ցանցերում և թղթով»,- ասված է հրապարակման մեջ։

Իր որոշումը հրապարակելիս «Նովայա գազետա»-ն օգտագործել է «հատուկ օպերացիա» արտահայտությունը, եզրույթ, որն օգտագործվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի գլխավորած պատերազմը մատնանշելու համար:

Թերթը, որն իր կայքից արդեն հեռացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նյութերը ԶԼՄ-ների մասին նոր օրենքի համաձայն, ասել է, որ երկուշաբթի օրը ստացել է մեկ այլ նախազգուշացում Ռոսկոմնադզորից իր նյութի վերաբերյալ, ինչն էլ վերջնականապես ստիպել է գործակալությանը կայացնել գործունեությունը դադարեցնելու մասին որոշում:

Ընթերցողներին ուղղված ուղերձում Դմիտրի Մուրատովը և նրա անձնակազմը հայտարարել են, որ իրենց գործունեությունը դադարեցնելու որոշումը եղել է դժվար, բայց` անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ ճնշումները ռուսական ազատական լրատվամիջոցների վրա մեծացավ ռուսական զորքերի կողմից անցյալ ամիս Ուկրաինայի դեմ ներխուժում սկսվելուց հետո:

Ավելի վաղ ՌԴ իշխանությունները փակել էին «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։ Նրանք նաև արգելափակել են մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC-ի, ‘’Ամերիկայի Ձայն’’-ի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքերը: Երկուշաբթի օրը Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ‘’Deutsche Welle’’-ն ավելացրել է «օտարերկրյա գործակալների» ցուցակում։

Տարիների ընթացքում «Նովայա գազետա»-ի թղթակիցները ենթարկվել են ոտնձգությունների և ահաբեկման՝ կապված իրենց հետաքննչական լրագրության հետ:

Անցյալ տարի, ստանալով Խաղաղության Նոբելյան մրցանակը, Դմիտրի Մուրատովն այն նվիրել է թերթի վեց աշխատակիցների հիշատակին, ովքեր սպանություններին էին ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունների պատճառով:

XS
SM
MD
LG