Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում


Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, երբ մարդկությունը պետք է հրաժարվի պատերազմներից

Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված համաշխարհային հակամարտության սպառնալիքը պետք է համոզի բոլորին, որ եկել է ժամանակը, երբ մարդկությունը պետք է հրաժարվի պատերազմներից, քանի դեռ պատերազմները չեն կործանել մարդկությանը, կիրակի ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

«Ավելի քան մեկ ամիս է անցել Ուկրաինա ներխուժումից... Ինչպես ցանկացած պատերազմ, սա (պատերազմը) պարտություն է բոլորի համար»,- ընդգծել է Հռոմի Պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ծխականներին։

«Մենք պետք է մերժենք պատերազմը, մահվան այն վայրը, որտեղ հայրերն ու մայրերը թաղում են իրենց երեխաներին, որտեղ տղամարդիկ սպանում են իրենց եղբայրներին՝ նույնիսկ չտեսնելով նրանց, որտեղ ուժեղներն են որոշում, իսկ աղքատները՝ մահանում», - ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը կործանում է այս երկրի ապագան։

Նա վկայակոչել է վիճակագրությունը, ըստ որի՝ Ուկրաինայում երեխաների ընդհանուր թվի կեսը ստիպված է եղել լքել երկիրը։

«Սա պատերազմի հրեշավոր դաժանությունն է, բարբարոսությունն ու սասրսափը», - ասաց նա՝ հորդորելով չդիտել պատերազմը որպես անխուսափելի մի բան:

«Եթե այս (պատերազմից) դուրս գանք այնպես, ինչպես նախկինում էինք, ուրեմն բոլորս ինչ-որ բանում մեղավոր կլինենք։ Ինքնաոչնչացման վտանգի առաջ կանգնած մարդկությունը պետք է հասկանա, որ եկել է ժամանակը վերացնելու պատերազմը, հեռացնել այն մարդկության պատմությունից, քանի դեռ այն չի վերացրել մարդկային պատմությունը»,- կոչ է արել Հռոմի Պապը։

Այն պահից, երբ փետրվարի 24-ին ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, նա բազմիցս խոսել է հնարավոր միջուկային հակամարտության մասին:

«Խնդրում եմ յուրաքանչյուր քաղաքական գործչի, որը ներգրավված է (հակամարտության մեջ) մտածել այս մասին, պարտավորություն ստանձնել և, նայելով տառապող Ուկրաինային՝ հասկանալ, որ պատերազմի ամեն օր իրավիճակը վատթարացնում է բոլորի համար»,- ասել է Պապը։

"Բավակա՛ն է: Կա՛նգ առեք: Թող զենքերը լռե՛ն։ Խաղաղության մասին իրական բանակցություն վարե՛ք»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG