Մատչելի հղումներ

Անդրեյ Երմակ. «Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, որի մեջ իրեն ներքաշել է Ռուսաստանը»


Ռուսական բանակից պաշտպանվելու հարցում Ուրկաինայի նկատմամբ աջակցությունն ավելի ու ավելի է համախմբվում զարգացած ժողովրդավարական երկրներում։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը, մեծացնելով հանդերձ հակաօդային պաշտպանության և հակատանկային զինատեսակների մատակարարման ծավալներն ուկրաինական բանակին, շարունակում է մերժել Ուկրաինայի տարածքում թռիչքազերծ գոտի հաստատելու Կիեւի պահանջը:

Այս ամենը տեղի է ունենում, երբ ռուսական բանակը շարունակում է պաշարված պահել Մարիուպոլ քաղաքը, որտեղ մարդիկ մահանում են գնդակոծություներից և տառապում սովից։ Ուկրաինայի ղեկավարության կարծիքով, ռուսական ագրեսիայից այս երկրի ժողովրդին պաշտպանելու Կիևի կոչերն արևմտյան երկրներում մասամբ են լսելի դառնում։ Այս մասին է

բրիտանական Chatham House հետազոտական հաստատության քննարկումների ժամանակ ասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

‘’Այժմ մենք ստանում ենք հզոր, աննախադեպ աջակցություն. Արևմուտքը վերջապես համախմբվել է, ինչի մասին են վկայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինայի նկատմամբ հումանիտար, ռազմական, քաղաքական և տեխնոլոգիական բնագավառներում օգնությունը’’ ասել է նա, սակայն կասկած հայտնել, որ Ռուսաստանի հետ ամեն գնով կապերը պահպանելու ցանկություն ունեցող երկրներն իրենց օժանդակությունն Ուկրաինային երկար կպահպանեն:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Արևմուտքին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նա կոչ է անում արեւմտյան ընկերություններին դադարեցնել Ռուսաստանի հասցեով բոլոր մատակարարումները: ‘’Հրաժարվեք ռուսական էներգիա գնելուց, ճնշում գործադրեք Ռուսաստանի վրա: «Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ուկրաինայից», ասում է նա:

Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգության նոր երաշխիքներ, ինչը սակայն, ասում է նա, չպետք է հանգեցնի Ուկրաինայի «ֆինլանդացմանը»: Նա ասում է նաեւ, որ հայտնի չէ, թե արդյոք կլինեն ՆԱՏՕ-ին անդամակցելուց առավել վստահելի երաշխիքներ:

«Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, որի մեջ իրեն ներքաշել է Ռուսաստանը: Մենք բոլորս պետք է այս հաղթանակը դարձնենք իրականություն։ Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, վերաբերում է բոլորին։ Սա ինչ-որ տեղային հակամարտություն չէ, սա համաշխարհային պատերազմ է, որը ժամանակավորապես սահմանափակվում է մեկ երկրի տարածքում»,- վստահ է Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

XS
SM
MD
LG