Մատչելի հղումներ

Արդյո՞ք Չինաստանն օգնության կհասնի պատերազմող Ռուսաստանին. փորձագետների կարծիք


Փորձագետները վերլուծում են Ռուսաստանի ռազմավարությունը Չինաստանի ուղղությամբ Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո

Մարտի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ծինպինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Սա երկու առաջնորդների առաջին անձնական շփումն էր այս տարվա ընթացքում:

Քննարկման առանցքում, ըստ Associated Press-ի և Reuters-ի, եղել է Ուկրաինայի պատերազմը։ Ջո Բայդենը Սի Ծինպինին հորդորել է զերծ մնալ Ռուսաստանին ռազմական կամ տնտեսական օգնություն տրամադրելուց՝ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել, որ Պեկինը «դիտարկում է Ուկրաինայում ռազմական տեխնիկայով Ռուսաստանին ուղղակի օգնություն ցուցաբերելու հնարավորությունը» և հայտարարել, որ Պեկինը «պատասխանատու է լինելու ռուսական ագրեսիային աջակցելու նպատակով ձեռնարկած ցանկացած գործողության համար»։ Ավելին, ըստ պետքարտուղարի, «Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը նախագահ Պուտինի վրա և պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները, որոնք նա, իբր, պաշտպանում է… Փոխարենը, Չինաստանը կարծես թե շարժվում է հակառակ ուղղությամբ՝ հրաժարվելով դատապարտել ագրեսիան և միևնույն ժամանակ փորձելով նենալ որպես չեզոք դատավոր»:

Ավելի վաղ մարտի 14-ին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հռոմում հանդիպել է չինացի բարձրաստիճան դիվանագետ Յանգ Ցզեչիին՝ Պեկինին նախազգուշացնելու համար Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Ինչպես հայտնի է, Չինաստանն ուղղակիորեն չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Չինաստանի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից։ Միևնույն ժամանակ, Պեկինը միաժամանակ հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, սակայն Ռուսաստանը, իբր, ունի անվտանգության ոլորտում մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնվեն։

«Պեկինի դիրքորոշումը շատ արագ փոխվում է իրական ժամանակում, և վերջին օրերին այն շարժվում է շատ վտանգավոր ուղղությամբ», - ասում է Դիվանագիտական ծառայության դպրոցի ասիական հետազոտությունների ամբիոնի ղեկավար Էվան Մեդեյրոսը (Dr. Evan Medeiros, School of Foreign Service), որը նախկինում եղել է նախագահ Բարաք Օբամայի խորհրդականը: «Լավագույն դեպքում սա մի տեսակ «ռուսամետ չեզոքություն» է, բայց աստիճանական կողմնակալությամբ դեպի Ռուսաստան։ Նման ուղեգիծը վտանգավոր է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունության համար, չի նպաստում Ուկրաինայում պատերազմի ավարտին և ազդում է ազդեցության գլոբալ բաշխման ավելի լայն հարցերի վրա»։

Մեդեյրոսի խոսքով, այժմ Չինաստանը բոլորովին այլ սցենարով է արձագանքում, քան 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։ Ութ տարի առաջ Չինաստանը որդեգրեց «շատ զգուշավոր, շատ մտածված չեզոքության դիրքորոշում՝ հիմնված չմիջամտելու սկզբունքի վրա։ Այս անգամ չինական կողմը շատ ավելի ակտիվ է»։ Անցած շաբաթվա ընթացքում Չինաստանը «ավելի մոտեցավ կրիտիկական շեմին՝ աջակցելով ռուսական ապատեղեկատվական արշավին և լուրեր տարածելով, որ ԱՄՆ-ն, իբր, շահագործում է Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման ինչ-որ հաստատություն: Եվ սա այն տեղեկատվության պայմաններում, որ ռուսները չինացիներից մահաբեր և ոչ մահաբեր զինտեխնիկա են խնդրել՝ շարունակելու իրենց ագրեսիան, ինչը նախատեսվածի պես չի ընթանում»։ Տատանումները շարունակվում են, և «կարծես թե Չինաստանն այժմ կանգնած է մի շատ կարևոր ընտրության առաջ իր արտաքին քաղաքականության մեջ»:

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Ակիո Տակահարան (Akio Takahara, University of Tokyo) հիշեցնում է, որ 2022 թվականը Չինաստանում նախընտրական տարի է: Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը տեղի կունենա տարվա երկրորդ կեսին։ Սի Ցզինպինը ունի ընդդիմություն, որը չի ցանկանում թույլ տալ իր «հավերժական» իշխանությունը։ Հարաբերական աջակցություն հայտնելով Պուտինին՝ Սի Ցզինպինը, ըստ Տակահարայի, հենվում էր պատերազմի արագ ելքի մոտեցման վրա։ «Սակայն եթե պատերազմը շարունակվի նույն հունով, ինչ հիմա է, ապա Չինաստանն ավելի ու ավելի կկորցնի վստահությունը միջազգային հանրության մոտ Պուտինից հետո»: Հետևաբար, անդրադառնալով ռուս բռնապետին աջակցելուն, «Սի Ցզինպինը չի կարող չմտածել՝ ի՞նչ վնաս կարող է կրել կուսակցության ներսում իր հեղինակությանը։ Սի Ցզինպինի համար կայունությունը Չինաստանի ներսում նույնիսկ ավելի կարևոր է, քան միջազգային հանրությունում առնվազն 2022 թվականին», - ասում է Ակիո Տակահարան :

Ուստի, միևնույն ժամանակ, Չինաստանը «շարունակում է կոչ անել պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ առնվազն քննադատելով Ռուսաստանին քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների համար»։ Այս մոտեցումը, ըստ փորձագետների, Չինաստանին թույլ է տալիս պահպանել իր տնտեսական շահերը: Նրանց ռազմավարությունը, ըստ փորձագետների, հենվում է այն մոտեցման վրա, որ պայքարող տերությունները այս ընթացքում կարող են սպառել իրենց ռեսուրսները, իսկ Չինաստանը փոխարեն կշարունակի կուտակել ներքին ներուժ Ասիայում՝ ապագայում առաջնորդային դիրքեր զբաղեցնելու համար։

Ակիո Տակահարան բացատրում է. «Չինաստանը տարված է ԱՄՆ-ի հետ ունեցած ռազմավարական մրցակցությամբ: Պեկինը ամեն ինչին նայում է այս անկյունից, և դա, իհարկե, տալիս է աշխարհի շատ աղավաղված պատկեր։ Ուստի, Սի Ծինփինի տեսանկյունից, Ռուսաստանը մարտավարական գործընկեր է ԱՄՆ-ի հետ մրցակցության համար, և նա չի կարող մեղադրել նրան։ Չինաստանը մի տեսակ «Catch 2022» իրավիճակում է»:

Դոկտոր Մաթյո Դյուշատելը՝ Փարիզի Մոնտենի ինստիտուտի Ասիայի ծրագրի տնօրենը (Dr. Mathieu Duchâtel, Director of the Asia Program at Institut Montaigne), հիշեցնում է. «Առայժմ մենք տեսնում ենք, որ չինական ընկերությունները հետևում են Պուտինի ռեժիմի դեմ սահմանված պատժամիջոցներին: Օրինակ՝ ռուսական օդանավերի համար օդանավակայաններ չեն տրամադրում, մերժում են պատժամիջոցներով սահմանափակված ԱՄՆ դոլարով ֆինանսական գործարքները»։

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև շատ կոշտ մրցակցային հարաբերություններն արդեն ձևավորված են: Այս պայմաններում Պուտինի հետ ամուր հարաբերությունները Պեկինի համար տակտիկապես տրամաբանական են թվում։ Սակայն երրորդ ուժի՝ Եվրամիության հետ հարաբերությունները դեռ լիովին չեն բյուրեղացել, ասում է Մաթյո Դյուշատելը։ Եվ ԵՄ-ի անսպասելի արագ, կոշտ արձագանքը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը Չինաստանին դնում է ևս մեկ երկընտրանքի առաջ. կարո՞ղ է նա նաև հակամարտության մեջ մտնել Եվրոպայի հետ հանուն Ռուսաստանի: «Սի Ծինփինին պետք չէ հիշեցնել,- ասում է Մեթյու Դյուչատելը,- որ Պուտինը չի կարող հավերժ լինել նրա հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը ինչ-որ պահի ուղղակի անհետանա ասպարեզից։ Այդ ժամանակ Չինաստանը կբախվի շատ ու շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան ճակատներում։ Հանկարծակիորեն Եվրոպան ձեռք է բերել առավելագույն ռազմավարական արժեքը Չինաստանի աչքում»,- եզրափակում է Դյուշատելը։

Իրավիճակին նայելով ռուսական կողմից՝ պետք է հարց տալ՝ արդյոք Պեկինը ի վիճակի է մեղմել Կրեմլի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։ Հետխորհրդային քարոզչության առասպելների մեջ Չինաստանը վաղուց առանձնահատուկ տեղ է գրավել՝ այն միշտ հիշատակվում է որպես փրկօղակ, հենց որ խոսքը արևմտյան պատժամիջոցների մասին է։ Միևնույն ժամանակ, Սիբիր-Հեռավոր Արևելյան տարածաշրջանի բնակիչների իրական փորձն ու սինոֆոբիան, ովքեր պարբերաբար հանդիպում են չինական էքսպանսիոնիզմի և հումքի սպառման դրսևորումների հետ, անտեսվում են. չէ՞ որ ռուսների միայն 10%-ն է ապրում Ուրալից այն կողմ:

Իրոք, Չինաստանը երբեմն փրկել է Ռուսաստանին վերջին 30 տարիների ընթացքում, բայց փոքր առումներով՝ լինի դա շատ էժան սպառողական ապրանքների մատակարարում, թե Հեռավոր Արևելքի բնակիչների համար ծովափնյա հանգստի մատչելի հնարավորությունների ստեղծում՝ ռուսական նավթի, ածուխի և փայտանյութի դիմաց: Իսկ այսօր ռուսները զանգվածաբար բացում են չինական UnionPay վճարային համակարգի բանկային քարտերը, ինչը կարող է թույլ տալ նրանց շրջանցել VISA, MasterCard և American Express-ի սահմանած սահմանափակումները։

Այնուամենայնիվ, մեծ հաշվով, «ինչ էլ որ անի Չինաստանը, բայց եթե Եվրամիությունը որոշի մինչև 2023 թվականը նվազեցնել ռուսական գազի սպառումը 50 տոկոսով, ապա Պեկինը չի կարող օգնել այստեղ», - ասում է Մեթյու Դյուչատելը: – Միակ խողովակն արդեն լցված է. Չին-ռուսական էներգետիկ հարաբերությունները գտնվում են արդեն սահմանված հետագծի վրա, և այս հետագիծը միակն է»։ Այն, ինչ կարող է փոխվել, դա գինն է, քանի որ առաջարկը մեծանում է: Բայց գների իջեցումից կշահի Չինաստանը, ոչ թե Ռուսաստանը:

Պեկինը չի կարողանա ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից, կարծում է ֆրանսիացի փորձագետը։ Բայց բարձր տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում իրավիճակն ավելի բարենպաստ է Պուտինի համար։ Ինչ վերաբերում է կիսահաղորդիչների արտահանմանը, ապա Չինաստանը «ավելի շատ տեղ ունի ռուսական ռազմական արդյունաբերությանը որոշակի աջակցություն ցուցաբերելու ոլորտում մեկ պարզ պատճառով, քանի որ որոշ չինական ընկերություններ վաղուց արդեն եղել են սահմանափակող միջոցների թիրախում, որոնք նախկինում կիրառվել են Միացյալ Նահանգների կողմից»:

Այսպիսով, չին-ռուսական հարաբերությունները 2014 թվականից ի վեր ամենակարեւոր պահն են վերապրում։ Չինաստանի արձագանքը ներկայիս ռազմական ճգնաժամին խոստանում է էական ազդեցություն ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլև ավելի լայն ռազմավարական լանդշաֆտի վրա: «Պեկինի արձագանքը Ուկրաինայի իրադարձություններին ուղենիշ է Չինաստանի ողջ արտաքին քաղաքականության համար», - եզրափակում է Էվան Մեդեյրոսը:

Հոդվածի հեղինակ՝ Եվգենի Կոմարով

XS
SM
MD
LG