Մատչելի հղումներ

Ջո Բայդենը Սի Ծինպինի հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմը


Ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

«Այս հեռախոսազանգը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հաղորդակցության բաց գծերը պահպանելու մեր շարունակական ջանքերի մի մասն է», - ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ: «Երկու ղեկավարները կքննարկեն մեր երկու երկրների միջև մրցակցությունը կառավարելու ուղիները, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Չորեքշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ «Այն փաստը, որ Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի գործողությունները, ինքնին շատ մեծ իմաստ ունի ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բլինքենը։

«Մեզ անհանգստացնում է այն, որ Չինաստանը հավանաբար նյութական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին կամ խաթարում է մեր կողմից սահմանված պատժամիջոցները: Մենք այդ մասին ուղղակիորեն ասել ենք Չինաստանին, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպեց իր չինացի գործընկերոջը», ասել է Բլինքենը:

XS
SM
MD
LG