Մատչելի հղումներ

Լեհաստանի, Սլովենիայի և Չեխիայի վարչապետներն այցելում են Ուկրաինա


Այցի նպատակը Եվրամիության կողմից Կիևին աջակցություն հայտնելն է

Երեք եվրոպական կառավարությունների ղեկավարներ երեքշաբթի գնացքով կմեկնեն Կիև։ Պատերազմի սկզբից ի վեր դա իր տեսակի մեջ առաջին այցն է։ Այն փաստը, որ օտարերկրյա առաջնորդները ցանկանում են այցելել Ուկրաինայի մայրաքաղաք, Ուկրաինայի համար նշանակալի հաջողություն է ռուսական հարձակումը հետ մղելու հարցում, որն արևմտյան երկրների կարծիքով՝ ուղղված է հատկապես Կիևը գրավելուն:

«Մեր պարտքն է լինել այնտեղ, որտեղ կերտվում է պատմությունը։ Որովհետև խոսքը ոչ թե մեր, այլ մեր երեխաների ապագայի մասին է, ովքեր արժանի են ապրել բռնակալությունից զերծ աշխարհում»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, ով Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի և Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշաի հետ հատել է Ուկրաինայի սահմանը։

Ֆիալայի խոսքով՝ այցի նպատակն է «վերահաստատել ամբողջ Եվրամիության կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը անվերապահ աջակցությունը»։

Չեխիայի և Լեհաստանի պաշտոնյաները հայտնել են, որ վարչապետների առաքելությունը համաձայնեցվել է ԵՄ ղեկավարության հետ անցյալ շաբաթ:

Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուկրաինացի պաշտոնյաները կարծիք են հայտնում, որ Մոսկվան կարող է զիջումների գնալ, քանի որ չի կարողացել ուժով իր կամքը պարտադրել Կիևի նոր ղեկավարությանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին երեքշաբթի ասել է, որ Կիևը պատրաստ է ընդունել անվտանգության երաշխիքներ, որոնք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկարաժամկետ նպատակին, որին դեմ է Մոսկվան։

Ուկրաինան գիտակցում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը դեռ բաց չէ, ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Նրա խոսքով, այս դեպքում Ուկրաինան պետք է համագործակցի այն ուժերի հետ, որոնց հետ համագործակցությունը հնարավոր է։

XS
SM
MD
LG