Մատչելի հղումներ

Մոլդովան ևս միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և G7-ի պատժամիջոցներին


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Քիշնևում կայացած համատեղ մամլո ասուլիսին, 6 մարտի, 2022թ.
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Քիշնևում կայացած համատեղ մամլո ասուլիսին, 6 մարտի, 2022թ.

Առևտրի և ֆինանսական կայունության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է կորցնել իր անդամակցությունը ԱՄՀ-ին

Այն բանից հետո, երբ Եվրամիությունը և G7 երկրները համաձայնեցին Ռուսաստանին զրկել առևտրի ոլորտում առավել բարենպաստ կարգավիճակից, ևս ութ պետություններ միացան այս միջոցառումներին և Կրեմլի դեմ սահմանված այլ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ, որոնց թվում են Ավստրալիան, Ալբանիան, Իսլանդիան, Մոլդովան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Հարավային Կորեան, նշում է Ռոյթերսը:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Առևտրի և ֆինանսական կայունության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նա նաև նշել է, որ այս քայլը ընդգծում է Ռուսաստանի վտարանդի կարգավիճակը այն բանից հետո, երբ Կրեմլը սկսեց իր ռազմական ներխուժումը Ուկրաինա փետրվարի 24-ին:

Նախատեսվում է նաև Ռուսաստանին զրկել առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի անդամակցությունից, ասել է Դոմբրովսկիսը։

Նա հավելել է, որ Բելառուսը, որը դաշնակից է Ռուսաստանին, կարող է զրկվել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությունից։

Ենթադրվում է, որ կհամալրվի այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ անձնական պատժամիջոցներ կկիրառվեն։ Դրանում ներառվելու են Վլադիմիր Պուտինի շրջապատից մարդիկ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։

Բացի այդ, ըստ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեենի, Ռուսաստանի և Կրեմլի վերնախավի համար կարող է արգելափակվել մուտքը դեպի կրիպտոարժույթներ, ինչպես նաև արգելք սահմանվի ԵՄ-ից ցանկացած թանկարժեք ապրանքի ներմուծմանը Ռուսաստան:

«Նրանք, ովքեր աջակցում են Պուտինի ռազմական մեքենային, այլևս չպետք է կարողանան վայելել շքեղ կյանքը, մինչ Ուկրաինայում ռումբեր են թափվում խաղաղ բնակիչների վրա»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։

XS
SM
MD
LG