Մատչելի հղումներ

ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը անտեսում է Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունը


Ռուսական ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ հրետանային և օդային հարվածներ հասցնելով քաղաքային բնակավայրերին, պնդում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը

Հինգշաբթի օրը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետախուզական մարմինները մտահոգությամբ հետևում են Ուկրաինայում ռուսական ռազմական մարտավարության խստացմանը և այն փաստին, որ բախվելով սպասվածից ավելի ուժեղ դիմադրությանը՝ ռուսական զորքերը դադարել են հաշվի առնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի ռիսկերը Ուկրաինայում: Հեյնսն ասել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևում են այս բոլոր զարգացումներին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Պաշտպանության հետախուզական գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերն ասել է, որ Ռուսաստանը օգտագործում է հրթիռներ, հրետանի, բազմաթիվ հրթիռային կայաններ և որոշ ճշգրիտ կառավարվող զինատեսակներ՝ ուկրաինական հիվանդանոցներն ու տները թիրախավորելու համար:

ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ փոխնախագահ Քամալա Հարրիսը, պաշտպանել են Ուկրաինայում ռուսական ներխուժման պատճառով ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն անցկացնելու կոչերը:

Որպես օրինակ՝ Հարրիսը բերել է Մարիուպոլի ծննդատան հրթիռակոծումը։

Ռուսաստանը հերքում է խաղաղ բնակչությանը հասցված հարվածները: Սկզբում ռուսական իշխանությունները պնդում էին, որ Մարիուպոլի ծննդատան ուղղությամբ հարվածը կեղծ է, սակայն հինգշաբթի ռուսական կողմը փոխեց իր դիրքորոշումը՝ հանդես գալով մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ կտրականապես հերքումներով և հստակ փաստերի կոչերով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ասել է, որ Մարիոպոլի ծննդատունը վերածվել էր «Ազով» ջոկատի հենակետի:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև՝ ԱՄՆ հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը և հետախուզության ոլորտի այլ ներկայացուցիչներ ասացին, որ Ռուսաստանը պատրաստ չէր Ուկրաինայի ուժեղ դիմադրությանը և, հետևաբար, չկարողացավ արագ հաղթանակ տոնել: Եթե դա տեղի ունենար, ապա ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չէին կարողանա բովանդակալից ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Ինչպես նշել է Սքոթ Բերիերը, առկա է ընկալում, որ Պուտինը թերագնահատել է ուկրաինացիների «հավանական դիմադրության» փաստը, սակայն Ռուսաստանի առջև ծառացած բոլոր ռազմական խնդիրները անորոշ են։

XS
SM
MD
LG