Մատչելի հղումներ

Ավարտվեցին Ուկրաինայի ու ՌԴ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները 


Մարտի 7-ին տեղի ունեցավ ռուս-ուկրաինական ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլը, որը մեծ առաջընթաց չգրանցեց

Երկուշաբթի օրը մարտի 7-ին Ռուսաստանի հետ բանակցությունների հետո ուկրաինական կողմը հայտնել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղ բնակիչների տարհանման հարցերի շուրջ, սակայն ընդհանուր առմամբ կողմերը չեն եկել դեռևս ընդհանուր հայտարարի, գրում է Ռոյթերսը:

Սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում ուկրաինական կողմի բանակցող, նախագահի խորհդական Միխայլո Պոդոլյակն ասել է, որ հումանիտար միջանցքների ապահովման առումով առկա են որոշակի դրական արդյունքներ, սակայն երկու կողմերը կշարունակեն բանակցությունները հրադադարի շուրջ։

«Քաղաքական առանցքային հարցում, որը ներառում է և՛ հրադադարը, և ընդհանրապես ռազմական գործողությունների ավարտը, ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն: Առայժմ իրավիճակը լուրջ բարելավող արդյունքներ չկան: Այնուամենայնիվ, խորհրդակցությունները կշարունակվեն, և մենք կհասնենք արդյունքի»,- ասել է ուկրաինացի բանակցողը։

Ռուսաստանցի բանակցողներն էլ իրենց հերթին նշել են, որ Ուկրաինայի հետ բանակցություններից հետո չեն կարող փաստել որևէ դրական զարգացում և հորդորել են մեծ սպասելիքներ չունենալ, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է արձանագրել որևէ վերջնական արդյունք:

Բանակցությունները դժվաչ են ընթանում և դեռևս վաղ է խոսել որևէ դրական առաջընթացի մասին», - ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո: «Հուսով եմ, որ հաջորդ անգամ մենք կարող ենք ավելի մեծ առաջընթաց գրանցել»,- նշել է նա:

Ռուսական կողմը ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա շատ մոտ ապագայում, որի մասին կարող է հյատնի դառնալ երեքշաբթի օրը մարտի 8-ին, նշում է Ռոյթերսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը թերահավատորեն է մոտենում այս բանակցություններին: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը մարտի 1-ին ընդգծել էր, որ զենքի սպառնալիքի ներքո դիվանագիտությունը չի կարող լինել իրական:

«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք, ինչպես մեր ուկրաինացի գործընկերները, ինչպես մեր եվրոպացի դաշնակիցները, զբաղվել իրական առարկայական դիվանագիտությամբ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այս անտեղի, դաժան հակամարտությունից»,- ասել էր Փրայսը։

XS
SM
MD
LG