Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկը դադարեցրել է բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում


Կառույցը նշել է, որ 2020 թվականից Բելառուսին, իսկ 2014 թվականից՝ Ռուսաստանին նոր վարկեր չի հաստատել

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման և «Ուկրաինայի ժողովրդի դեմ թշնամական գործողությունների» պատճառով։ Հայտարարության մեջ ասվում է, որ կառույցը չի հաստատել նոր վարկեր և ներդրումներ Ռուսաստանում 2014 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։

Այն հայտնել է նաև, որ չի հաստատել Բելառուսին նոր վարկեր 2020 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց երկրի նկատմամբ նախագահական ընտրությունների վիճելի արդյունքների և դրան հաջորդած զարգացումների պատճառով:

Կազմակերպության կայքում նշվում է, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի ծավալը Բելառուսում 2020 թվականին կազմել է 308 միլիոն դոլար։ Ակտիվ ծրագրերը ներառում են կենսազանգվածով ջեռուցման ծրագիր, ինչպես նաև անտառտնտեսության զարգացման և կրթական համակարգի արդիականացման ծրագրեր:

1990-ականների սկզբից Համաշխարհային բանկը ավելի քան 16 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Ռուսաստանին: Վերջին հաստատված նախագծերը ներառում էին 2013 թվականին Հյուսիսային Կովկասում երիտասարդության հարցերո ծրագիրը և 2010 թվականին մեկնարկած մշակութային ժառանգության պահպանման ծրագիրը, ասվում է բանկի կայքում:

XS
SM
MD
LG