Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ստեղծել է ռուսական կլեպտոկրատիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ


Նոր խումբը կվերահսկի պատժամիջոցների ռեժիմը, որն ուղղված է Ռուսաստանին համաշխարհային շուկաներից դուրս մղելուն

ԱՄՆ-ի նոր դաշնային «KleptoCapture» անոնը կրող աշխատանքային խումբը կաշխատի էլ ավելի մեծ ճնշում գործադրել ռուս օլիգարխների ֆինանսների վրա՝ Կրեմլին ստիպելու դադարեցնել իր ներխուժումն Ուկրաինա: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, նշում է Ռոյթերսը:

Իրավապահ մարմինների բազմաթիվ գերատեսչությունների թիմին հանձնարարվելու է կիրառել պատժամիջոցներ, արտահանման սահմանափակումներ և տնտեսական հակաքայլեր՝ ուղղված Ռուսաստանին համաշխարհային շուկաներից դուրս մղելուն, ասվում է գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի հայտարարության մեջ:

Աշխատանքային խմբի անվանումը գալիս է «կլեպտոկրատիա» բառից, որը սահմանվում է որպես կոռումպացված մարդիկ, ովքեր չարաշահում են իրենց լիազորությունները:

«Նրանց, ովքեր աջակցում են ռուսական ռեժիմը կոռուպցիայի և պատժամիջոցներից խուսափելու միջոցով. մենք ձեզ կզրկենք ապաստանից և պատասխանատվության կենթարկենք», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն: «Մենք զգուշացնում ենք օլիգարխներին. մենք բոլոր միջոցները կօգտագործենք ձեր հանցավոր եկամուտները սառեցնելու և բռնագրավելու համար»։

Աշխատանքային խումբը կգործի Լիզա Մոնակոյի գրասենյակից և պատասխանատու կլինի պատժամիջոցների խախտումների հետաքննության և նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար: Այն կօգտագործի քաղաքացիական և քրեական գույքի բռնագրավման մասին օրենքները՝ ապօրինի ձեռք բերված ակտիվները բռնագրավելու համար:

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ձգտում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի վրա՝ փորձելով կասեցնել ներխուժումը Ուկրաինա, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եվրոպական պետության վրա ամենածանր հարձակումն է:

Երեքշաբթի երեկոյան նախագահ Ջո Բայդենը իր ելույթում քննադատեց Պուտինին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի համար և կոչ արեց պայքարել կոռումպացված ռուս օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

«Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ գտնելու և խլելու ձեր զբոսանավերը, ձեր շքեղ բնակարանները, ձեր մասնավոր ինքնաթիռները: Մենք գնում ենք ձեր անազնիվ եկամուտների հետևից»,- ասել է Բայդենը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը, ABC News-ի հաղորդմամբ, նշել է, որ նոր աշխատանքային խումբը «կբացահայտի, կհետևի և կսառեցնի» պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների և օլիգարխների ակտիվները: «Մենք կսառեցնենք և կխլենք նրանց զբոսանավերը, նրանց մասնավոր ինքնաթիռները, նրանց ճոխ կալվածքները համաշխարհային մայրաքաղաքներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

XS
SM
MD
LG