Մատչելի հղումներ

Կանադան և Մերձբալթիկան պատժամիջոցներ են կիրառում ռուսական նավերի դեմ


Արգելքը վերաբերում է ռուս սեփականատերերին պատկանող նավերին և Ռուսաստանում գրանցված նավերին

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո Կանադան մի շարք միջոցներ ձեռնարկեց Ռուսաստանին մեկուսացնելու համար, այդ թվում՝ պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ փակելով օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար և արգելելով ֆինանսական հաստատություններին առևտուր անել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ:

Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան երեքշաբթի ասել է.
«Այսօր մենք քայլ ենք անում՝ փակելու կանադական ջրերն ու նավահանգիստները Ռուսաստանին պատկանող կամ Ռուսաստանի գրանցում ունեցող նավերի համար»:

Ալհաբրան ասում է, որ փոքր թվով ռուսական նավեր են մտնում Կանադայի ջրեր և նավահանգիստներ, սակայն Կանադայի գործողությունները որոշակի ազդեցություն կունենան, հատկապես, եթե այլ պետություններ ձեռնարկեն նման քայլեր:

2021 թվականին Կանադան ներմուծել է 1.68 միլիարդ դոլարի ռուսական ապրանքներ։

Իսկ այդ ընթացքում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները մտադրվում են ինքնուրույն արգելել ռուսական նավերի մուտքն իրենց նավահանգիստներ, քանի որ այս որոշման քննարկումը Եվրամիությունում երկարաձգվի։ Այս մասին չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն։

Չորեքշաբթի ավելի վաղ BNS լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիտվայի կառավարությունը նախատեսում է արգելել ռուսական դրոշով կամ այլ կերպ ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կապված նավերի մուտքը լիտվական նավահանգիստներ:

Ավելի ուշ Լիտվայի կառավարությունը հայտարարեց, որ հետաձգում է այս որոշման ընդունումը, քանի որ իրենք Եվրահանձնաժողովին խնդրել են նմանատիպ արգելք մտցնել ողջ ԵՄ տարածքում։

«Եթե ավելի լայն քննարկումներ լինեն, ապա մենք կառաջարկեինք այն իրականացնել՝ համաձայնեցնելով [Բալթյան] հարեւանների հետ։ Մենք սկզբունքորեն համաձայնեցինք»,- ասել է Սիմոնիտեն՝ նկատի ունենալով հարեւան Էստոնիան ու Լատվիան:

XS
SM
MD
LG