Մատչելի հղումներ

Ռուսաստանում միջուկային ստորաբաժանումների ու սուզանավերի  զորավարժություններ են սկսվել 


Հայտնի չէ, թե արդյոք դրանք կապ ունեն Պուտինի վերջին հրամանի հետ՝ միջուկային զսպման ուժերը բարձր պատրաստության վիճակի բերելու վերաբերյալ։

Ռուսական միջուկային սուզանավերը զորավարժություններ են անցկացրել Բարենցի ծովում, իսկ շարժական հրթիռային կայանները երեքշաբթի անցել են տափաստանային տարածքներով, գրում է Associated Press-ը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է երկրի միջուկային ուժերը բերել բարձր պատրաստության՝ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման պատճառով Արևմուտքի հետ աճող լարվածության պայմաններում:

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը հայտարարել է, որ իր մի քանի միջուկային սուզանավեր ներգրավված են փոթորիկի պայմաններում մանևրելու զորավարժություններում:

Զեկույցում ասվում է, որ զորավարժություններին կմիանան նաև մի քանի նավեր, որոնց հանձնարարված է հսկել Արկտիկայի Կոլա թերակղզու ռազմածովային բազաների մոտ գտնվող տարածքը։

Իրկուտսկի մարզում Ռազմավարական հրթիռային ուժերի ստորաբաժանումները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով հագեցած Յարս համալիրներ են տեղափոխել անտառային տարածքներ՝ գաղտնի տեղակայման համար, ասել է պաշտպանության նախարարությունը:

Զինվորականները չեն հստակեցրել, թե արդյոք զորավարժությունները կապված են Պուտինի կիրակնօրյա հրամանի հետ՝ երկրի միջուկային զսպման ուժերը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին Ուկրաինայի հետ պատերազմի պայմաններում:

Անհասկանալի է նաև, թե արդյոք դրանք որևէ փոփոխություն են մցնում երկրի միջուկային զինատեսակների տեղակայման հարցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ բացասաբար է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ պետք է անհանգստանա ՌԴ նախագահի հրամանի կապակցությմաբ միջուկային ստորաբաժանումների մասին, իսկ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, մեկնաբանելով ՌԴ նախագահի հրամանը, ասել է.

«Մենք կարծում ենք, որ միջուկային զենքի վերաբերյալ նման սադրիչ հռետորաբանությունը վտանգավոր է, մեծացնում է սխալ հաշվարկների վտանգը: Պետք է խուսափել դրանից, և մենք դա թույլ չենք տա։ Մենք վերլուծում ենք նախագահ Պուտինի հրամանը և այս պահին որևէ պատճառ չենք տեսնում փոխելու մեր միջուկային պատրաստության մակարդակը: Կարևոր է հիշել, որ վերջին մի քանի ամիսների և տարիների ընթացքում, երբ մենք լուրջ տարաձայնություններ ունեինք Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վաղուց արդեն պայմանավորվել են, որ միջուկային զենքի օգտագործումը կործանարար հետևանքներ կունենա, և շատ անգամ են հայտարարել, ներառյալ այս տարվա սկզբին, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և այն երբեք չպետք է սկսել», - ասել է Փսակին:

XS
SM
MD
LG