Մատչելի հղումներ

Վաշինգտոն. Պուտինի «զսպող ուժի» հրամանն անընդունելի էսկալացիա է


Սպիտակ տունը հայտնել է, որ այս հրամանը տեղավորվում է Մոսկվայի շինծու սպառնալիքների սխեմայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ ռուսական զսպման ուժերը, ներառյալ միջուկային ուժերը, բարձր պատրաստության վիճակի բերելու մասին, անընդունելի էսկալացիա է, կիրակի օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Սա նշանակում է, որ (ՌԴ) նախագահ Պուտինը շարունակում է այս պատերազմըի էսկալացիան միանգամայն անընդունելի ձևով, և մենք պետք է վճռականորեն շարունակենք կասեցնել նրա գործողությունները», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Այս մասին Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պուտինի հրամանը լիովին տեղավորվում է Մոսկվայի կողմից շինծու սպառնալիքներ հնչեցնելու գործելաոճի մեջ՝ սեփական ագրեսիան արդարացնելու նպատակով, կիրակի օրն ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին:

«Մենք տեսել ենք, թե ինչպես է նա դա անում կրկին ու կրկին: Ռուսաստանը երբեք չի եղել ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի սպառնալիքի ներքո: Այս ամենը նախագահ Պուտինի վարքագծի սխեման է, և մենք մտադիր ենք հակադրվել դրան: Մենք պաշտպանվելու կարողություն ունենք, բայց նաև պետք է մատնանշենք այն, ինչ տեսնում ենք նախագահ Պուտինի դեպքում»,- ասել է Փսակին՝ ելույթ ունենալով ABC հեռուստաալիքի «Այս շաբաթ» հաղորդմանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը փետրվարի 27-ին հրամայել է իր ռազմական հրամանատարությանը ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնք ներառում են նաև միջուկային զենքի պարունակող ստորաբաժանումներ, բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի՝ կապված, ըստ Պուտինի, ՆԱՏՕ-ի ղեկավարների ագրեսիվ հայտարարությունների և Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների հետ:

XS
SM
MD
LG