Մատչելի հղումներ

Բայդեն. Պուտինը ձախողվել է Արևմուտքը պառակտելու նպատակը


Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ զրույցի վերաբերյալ, ուր մասնավորապես ասված է.

«Այսօր հանդիպեցի ՆԱՏՕ-ի մեր գործընկեր դաշնակիցների առաջնորդների հետ՝ քննարկելու համար հավաքական պաշտպանության և անդրատլանտյան անվտանգության մեր համատեղ հանձնառությունը: Մինչ նախագահ Պուտինը սպառնում է միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերին, ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանդես է գալիս հանուն ազատության և ժողովրդավարության:

Ինչպես նշեցի երեկ, Միացյալ Նահանգները պաշտպանելու է ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ։ Մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին երկաթի նման ամուր է: Ես հրամայել եմ լրացուցիչ ուժեր տեղակայել՝ Եվրոպայում մեր կարողությունները մեծացնելու համար՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին աջակցելու նպատակով: Եվ ես խստորեն ողջունում եմ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերի և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրերի ակտիվացման որոշումը՝ մեր հավաքական դիրքն ամրապնդելու , ինչպես նաև մեր դաշնակիցների պարտավորությունները՝ արևելյան թեւում և ծովային ուժեր՝ Վերին հյուսիսից մինչև Միջերկրական ծով լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր տեղակայելու համար:

Այսօր մեզ միացան մեր մտերիմ գործընկերներ Շվեդիան, Ֆինլանդիան և Եվրամիությունը: Նախագահ Պուտինը ձախողվել է Արևմուտքը պառակտելու իր նպատակում: ՆԱՏՕ-ն նույնքան միասնական և վճռական է, որքան երբևէ, և ՆԱՏՕ-ն կպահի իր բաց դռները այն եվրոպական պետությունների համար, ովքեր կիսում են մեր արժեքները և ովքեր մի օր կարող են ձգտել միանալ մեր Դաշինքին: Այս ճգնաժամի պայմաններում մենք խոստացել ենք ավելի սերտորեն համագործակցել մեր ազատության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար, որոնք լցնում են մեր Դաշինքը նպատակներով և ուժով:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո ես խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Ես ողջունել եմ ուկրաինացի ժողովրդի խիզախ գործողությունները, ովքեր պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար։ Ես նաև վերահաստատեցի Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող շարունակական տնտեսական, հումանիտար և անվտանգության աջակցությունը, ինչպես նաև մեր շարունակական ջանքերը՝ համախմբելու այլ երկրներին նմանատիպ օգնություն տրամադրելու համար:

XS
SM
MD
LG