Այսօր փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կրկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին»,-իր խոսքում ասել է նախագահ Զելենսկին: «Ուկրաինայում ընթանում են մարտեր: Եկե՛ք նստենք բանակցություններիսեղանի շուրջ՝ մարդկանց մահերը դադարեցնելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է իր չեզոք կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսել, սակայն պայմանով, որ Կիևին կտրվեն անվտանգության երաշխիքներ
Մոսկվան արձագանքել է Կիևի բանակցությունների առաջարկին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությանը ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։
«Ինչպես գիտեք, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ամենասկզբում ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել «ԼԺՀ»-ին և «ԿԺՀ»-ին, այդ թվում Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիֆիկանացման միջոցով: Եվ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է։ Այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Մինսկ ուղարկել ռուսական պատվիրակություն՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար»,- արձագանքել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, դիմելով ամերիկացիներին, հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ծրագրված էր ամիսներ առաջ։ Պուտինը ագրեսոր է. նա ընտրել է պատերազմը և այժմ ինքն ու իր երկիրը կառերեսվեն հետևանքների հետ, շեշտել է նախագահ Բայդենը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի հասցեին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները կեղծ են, իսկ հարձակումը՝ անհիմն ու չհրահրված:
Նախագահ Բայդենը և ՆԱՏՕ-ի այլ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ առավոտյան արտակարգ հեռավար հանդիպում են անցկացնում՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին:
Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Քամիլա Հարիսն այս խնդրի շուրջ հանդիպում է ունեցել «Բուխարեստի իննյակի»՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների խմբի ներկայացուցիչների հետ։