Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը մասնակցել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ G7-ի գագաթնաժողովին


ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր արևելյան թեւը

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի առավոտյան մասնակցել է Մեծ Յոթնյակի (G7) ղեկավարների հեռավար հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը և ֆինանսների նախարարը։

Նախագահ Բայդենը հինգշաբթի օրը նաև ծրագրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հրամայել էր դաշինքի ռազմական հրամանատարությանն ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները՝ դաշնակից պետությունների տարածքները պաշտպանելու համար՝ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումից հետո։

Խոսքը հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ և նավեր մարտական պատրաստության բերելու մասին է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան թևում զորքերի թվի ավելացման։

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ ուրբաթ օրը նախատեսել է դաշինքի 30 երկրների հեռավար արտակարգ գագաթնաժողով, որին կմասնակցեն նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Շվեդիայի, Ֆինլանդիայի և Եվրամիության առաջնորդները։

«Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք Ռուսաստանի սարսափելի հարձակումն Ուկրաինայի վրա՝ միանգամայն չարդարացված և չհրահրված։ Մեր մտքերը բոլոր զոհվածների ու վիրավորների, Ուկրաինայի ժողովրդի հետ են։ Մենք նաև դատապարտում ենք Բելառուսին այս հարձակումը թույլ տալու համար», - ասված է ՆԱՏՕ-ի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ավելի վաղ ռուսական զորքերը ցամաքով, օդով և ծովով ներխուժեցին Ուկրաինա՝ այսպիսով հաստատելով Արևմուտքի ամենավատ մտավախությունները՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում մեկ պետության դեմ մյուս պետության լայնածավալ հարձակման սպառնալիքի հետ։

«Մեր մայրցամաքում խաղաղությունը ավիրվել է», - ասել է Ստոլտենբերգը մամլո ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանը ուժ է կիրառում՝ փորձելով վերաշարադրել պատմությունը և զրկել Ուկրաինային ազատ և անկախ ճանապարհով ընթանալու հնարավորությունից», - ընդգծել է նա։

«Սա միտումնավոր, սառնասրտորեն և վաղուց ծրագրված ներխուժում է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

«Ռուսաստանի չարդարացված, անհիմն հարձակումն Ուկրաինայի վրա վտանգի տակ է դնում օդային և հրթիռային հարվածներից անթիվ անմեղ կյանքեր»,-հավելել է նա:

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ակտիվացնել Արևելյան Եվրոպայում նոր ուժեր տեղակայելու իր ծրագրերի իրականացումը, ներառյալ ՆԱՏՕ-ի Բարձր պատրաստության արագ արձագանքման ուժերը: ՆԱՏՕ-ն նախատեսում է նաև մարտական ստորաբաժանումներ հիմնել Ռումինիայում և Բուլղարիայում, հնարավոր է նաև Հունգարիայում և Սլովակիայում, Բալթյան երկրներում և Լեհաստանում նախկինում ստեղծված ուժերի օրինակով:

XS
SM
MD
LG