Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արևելքում


Հանձնաժողովի անդամները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Ուկրաինային՝ ընդգծելով, որ Մոսկվայի կողմից ինքնահռչակ միավորների ճանաչումը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը Արևելյան Ուկրաինայում և հայտարարեց, որ ռուսական ռազմական ուժերը պատրաստ են տեղակայվել այնտեղ նրանց պաշտպանելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ սենատոր Բեն Քարդինը, համանախագահ Սթիվ Քոհենը, հանձնաժողովի բարձրաստիճան անդամներ Ռոջեր Ուոքերը և Ջո Ուիլսոնը դատապարտել են այդ քայլը և հրապարակել համատեղ հայտարարություն, ուր ասված է.

«Պուտինի վերջին միակողմանի քայլն Ուկրաինայի դեմ ավելի է խախտում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնք միջազգային իրավունքի ամենահիմնական սկզբունքներն են և Հելսինկյան համաձայնագրով Ռուսաստանի պարտավորությունները։ Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմում այս քայլերի էսկալացիայով և կոչ ենք անում Մոսկվային անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները իր խաղաղ հարևանի դեմ։

Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները չեն հանդուրժի այս չհրահրված ագրեսիան անկախ և ժողովրդավարական պետության դեմ։ Մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, և մեր պատասխանը Պուտինի բռնի ռևիզիոնիզմին պետք է վճռորոշ լինի։ Պատժամիջոցների կիրառումը և ՆԱՏՕ-ի առաջնագծում գտնվող երկրներում զսպող ռազմական ուժերի հզորացումը [այժմ դառնում են] անհրաժեշտ։

Մենք ողջունում ենք Գերմանիայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետագա սերտեֆիկացման հետ կապված քայլերը։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհին աջակցել Ուկրաինայի ժողովրդին և դիմակայել Եվրոպայում խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս հարձակմանը։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց արևելյան Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների [անկախության] միակողմանի ճանաչման, ինչպես նաև այդ շրջաններ ռուսական զորքերի մուտք գործելու մասին։ Այդ ընթացքում Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված ռուսական ցամաքային ուժերը, կարծես, պատրաստ են հետագա գործողությունների»։

XS
SM
MD
LG