Մատչելի հղումներ

Հայաստանի օրակարգում չկա Լուգանսկի ու Դոնեցկի ճանաչման հարց. ՀՀ ԱԳՆ


Ինչպիսին է այս պահին Հայաստանի ու ՌԴ-ի այլ դաշնակից մի շարք երկրների դիրքորոշումը Դոնոցկի ու Լուգանսկի ճանաչման հարցում

Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցները կարծես թե չեն շտապում անմիջապես աջակցել Մոսկվայի որոշմանը` ճանաչելու Ռուսաստանի աջակցության ներքո անջատողականների կողմից վերահսկվող արևելյան Ուկրաինայի շրջանների անկախության հռչակումը, նշում է Associated Press-ը:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «հարգանքով և ըմբռնումով» է մոտենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլին, սակայն չի նշել, թե արդյոք Մինսկը կհետևի օրինակին և կճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:

Ղազախստանը, որը հունվարին խնդրել էր երկիր ուղարկել ՀԱՊԿ զորքեր՝ ճնշելու համար անկարգությունները, հայտարարել է, որ անջատողական շրջանների ճանաչման հարց իրենց օրակարգում չկա:

Պուտինի հետ բանակցությունների համար Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ՌԴ հետ ստորագրեց դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր, հրապարակային ելույթում չնշեց Մոսկվայի կողմից անջատողական շրջանների ճանաչման մասին՝ փոխարենը կենտրոնանալով երկկողմ հարաբերությունների վրա։

Հայաստանը որպես ՌԴ դաշնակից երկիր առայժմ աջակցություն չի հայտնել Մոսկվայի որոշմանը։ ՀՀԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը այսօր պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին նշել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց չկա օրակարգում: Մամլո խոսնակն ընդգծել է՝ «Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։»

Պուտինը իր հերթին փորձել է հանգստացնել Ռուսաստանի դաշնակիցներին, որ մտադիր չէ վերակենդանացնել Խորհրդային Միությունը:

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով այն շահարկումները, թե Ռուսաստանը «պատրաստվում է վերականգնել կայսրությունը»։

XS
SM
MD
LG