Մատչելի հղումներ

ԵՄ-ը համաձայնեցրել է Մոսկվայի դեմ պատժամիջոցները


Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորների դեմ ուղղված միջոցառումների մասին, ովքեր քվեարկել են անջատողական տարածքների ճանաչման օգտին

ԵՄ արտաքին գործերի նախարարները հանդիպել են Փարիզում՝ համաձայնեցնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը Կրեմլի կողմից արևելյան Ուկրաինայի երկու ինքնահռչակ միավորների պաշտոնական ճանաչումից հետո:

Պատժամիջոցների նոր փաթեթը ենթադրում է մի շարք ռուս պաշտոնյաների ներառում սեւ ցուցակում, հայտնում է Reuters-ը, ինչպես նաև Պետդումայի բոլոր պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել անջատողականների ճանաչման օգտին։ Ռուս խորհրդարանականներին կարգելվի այցելել ԵՄ երկրներ, իսկ ԵՄ-ում նրանց ֆինանսական ակտիվները կսառեցվեն։

Բացի այդ, պատժամիջոցները ներառում են ռուսական պետական պարտատոմսերի առևտրի արգելք և անջատողական տարածքների տնտեսական կառույցների հետ կապված ներմուծման և արտահանման սահմանափակումներ։

Պատժամիջոցների միաձայն հաստատված այս փաթեթը կհարվածի Ռուսաստանին՝ պատճառելով զգալի վնաս, հանդիպումից հետո ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը։

Այսպիսով, պաշտոնական Բրյուսելը կատարել է «միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամ Ռուսաստանի անօրինական գործողություններին վճռականորեն և արագ արձագանքելու» իր նախկինում տրված խոստումը։ Միաժամանակ, նշում է Reuters-ը, ԵՄ նախարարները որոշել են պատժամիջոցներ չկիրառել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Երկուշաբթի օրը Պուտինի հայտարարությունը և դրան հաջորդած Դոնեցկ և Լուգանսկ ռուսական զորքերի տեղակայման մասին հրամանագրի ստորագրումը «անօրինական են և անընդունելի», հայտարարել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը։

Փաթեթը նաև ուղղված է «ռուսական պետության և կառավարության ֆինասական միջոցները ԵՄ կապիտալ և ֆինանսական շուկաներ և ծառայություններ մուտք գործելու» դեմ և նպատակ ունի «սահմանափակել էսկալացիոն և ագրեսիվ քաղաքականության ֆինանսավորումը», ընդգծված է փաստաթղթում։

Քննարկվող պատժամիջոցների թիրախներից են բանկերը, որոնք ներգրավված են Ուկրաինայի արեւելքում ռուսամետ անջատողականների գործունեության ֆինանսավորման մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անջատողականների կողմից վերահսկվող շրջանները կարող են բացառվել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրից, «որպեսզի հանցագործները հստակ զգան իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունների տնտեսական հետևանքները», ասված է ԵՄ հայտարարության մեջ։ Դրա հետ մեկտեղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սառեցրել է Հյուսիսային հոսք 2 գազատարի սերտեֆիկացումը։

Միաժամանակ ԵՄ երկրների միջեւ հակասություններ կան պատժամիջոցների հարցում։ ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ դաշինքի որոշ երկրներ, ներառյալ Ավստրիան, Հունգարիան և Իտալիան, կնախընտրեն ավելի սահմանափակ պատժամիջոցներ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Պուտինի գործողությունների: Մյուսները կցանկանային, որ վերջին շաբաթների ընթացքում քննարկվող միջոցառումների ավելի ամբողջական և կոշտ փաթեթը գործի դրվի այսօր:

Բալթյան երկրները, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպան հայտարարում են կոշտ պատժամիջոցների անհապաղ սահմանման անհրաժեշտության մասին, քանի որ Ռուսաստանն արդեն ռազմական ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Հռոմում կայացած մամլո ասուլիսում ասել է, որ պատժամիջոցները չպետք է տարածվեն էներգակիրների ներմուծման վրա։

XS
SM
MD
LG