Մատչելի հղումներ

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Դոնեցկից ու Լուգանսկից


Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների վերահսկողության տակ գտնվող արևելյան Ուկրաինայի տարածքների բնակիչները կիրակի օրը փետրվարի 20-ին ժամանել են Ռուսաստանի հարավ-արևմտյան Տագանրոգ քաղաք՝ իրենց տներից տարհանվելուց հետո:

Փետրվարի 18-ին անջատողական իշխանությունները հայտարարեցին մոտ 700,000 մարդու տարհանման ծրագրերի մասին՝ վկայակոչելով ուկրաինական զորքերի մոտալուտ հարձակման մտավախությունները. Մի մեղադրանք, որը Կիևը կտրականապես հերքում է:

Մարդկանց մեծամասնությունը, ում հետ զրուցել է Reuters-ը, ասում են, որ տարհանումն արագ է եղել, իսկ ոմանք ասում են, որ բավարար ժամանակ չեն ունեցել հիմնական անհրաժեշտ իրերը հավաքելու համար:

«Ժամը 5.30-ին մեզ զանգեցին, իսկ ժամը 6-ին մեզ ավտոբուս էր սպասում, ինչ կարողացանք, վերցրեցինք մեզ հետ»,- ասում է Բոգդանովկայի բնակչուհի Ալինա Մելնիկովան։

Ավելի քան 30 հազար մարդ Դոնեցկից և մերձակա Լուգանսկից վերջին 24 ժամում հատել է Ռուսաստանի սահմանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Ռոստովի մարզի իշխանություններին։

Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն, տարհանված բնակիչների մի մասը կմեկնի Ռուսաստանի այլ շրջաններ, որոնք պատրաստ կլինեն տեղավորելու նրանց։

Reuters գործակալության փոխանցմամբ Դոնեցկի երկաթուղային կայարանում մարդիկ հերթ էին կանգնած՝ դեպի Ռոստովի մարզ գնացք նստելու համար:

Դոնեցկի բնակչուհի Տատյանան Դոնեցկի Օկտյաբրսկի շրջանից է, որը 2014-2015 թվականների մարտերի ժամանակ մեծ ավերածությունների էր ենթարկվել: Նա Reuters-ին ասել է, որ վախենում է և ուզում է հեռանալ, քանի որ չի ցանկանում հայտնվել նույն իրավիճակում, երբ իր տունը ենթարկվել էր հրետակոծության:

Երկու երեխաների մայր Անաստասիան էլ վախենում է իր երեխաների համար՝ նշելով, որ հետևում է իշխանությունների տարհանման պահանջին:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը տեսաուղերձով տեղեկացրել էր, որ հրամանագիր է ստորագրել զորահավաքի մասին և կոչ արել տղամարդկանց ներկայանալ զինկոմիսարիատներ։

XS
SM
MD
LG