Մատչելի հղումներ

Արտակարգ միջոցառումներ Կանադայում` ընդդեմ բեռնատարներով բողոքի ակցիաների


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի օրը դիմել է հազվադեպ օգտագործվող արտակարգ իրավիճակների լիազորություններին` դիմակայելու բեռնատարների գլխավորած բողոքի ցույցերը, որոնք խցանել են մայրաքաղաք Օտտավայի փողոցները, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ մի քանի կարևոր սահմանային անցումներ:

Թրյուդոն ասել է, որ Արտակարգ իրավիճակների մասին օրենքը իշխանություններին ավելի շատ լիազորություններ կտա ցուցարարներին ձերբակալելու և նրանց բեռնատարներն առգրավելու համար:

«Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ անօրինական և վտանգավոր գործողությունները շարունակվեն», ասել է նա:

Փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդն ասել է, որ կառավարությունը նաև կօգտագործի փողերի լվացման դեմ պայքարի կանոնակարգերը՝ թիրախավորելու ամբոխի ֆինանսավորման կայքերը, որոնք օգնել են ֆինանսավորել շրջափակումները:

Արդեն երկու շաբաթ է, որ բեռնատարներով և այլ տրանսպորտային միջոցներով ցուցարարները հավաքվել են Օտտավայում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով բեռնատարների համար պատվաստանյութերի մանդատների և այլ կորոնավիրուսային միջոցների դեմ:

Անցած կիրակի օրը մաքրվել է ԱՄՆ-Կանադա սահմանային մեկ անցակետ. ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց:

Այս օրերին, երբ Կանադայի իշխանությունները ջանում են վերջ դնել բեռնատարների բողոքի ակցիաներին, կա վտանգ, որ նմանատիպ ցույցեր կարող են սկսվել նաեւ ԱՄՆ-ի տարածքում, բողոքելու համար համավարակի պատճառով շարունակվող սահմանափակումների դեմ:

Այս զեկույցի համար որոշ տեղեկություններ են ստացվել Associated Press, France-Presse և Reuters գործակալություններից:

XS
SM
MD
LG