Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին


Բելառուսում այսօր մեկնարկել են Ռուսաստանի հետ միասնական «Allied Resolve - 2022» համատեղ զորավարժությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Տասնօրյա զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինված ուժերը կմշակեն Բելառուսի և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և Ուկրաինայի հիպոթետիկ ագրեսիան հետ մղելու, ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրներ, հաղորդում է ՊՆ-ը:

Զորավարժությունների անցկացմանը դեռևս դեկտեմբերին հավանություն են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն։

Զորավարժություններին մասնակցող զինվորականների և տեխնիկայի քանակը չի հաղորդվում։ Հայտնի է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոններ, Պանցիր-Ս զենիթահրթիռային և հրազենային դիվիզիոն, Սու-35Ս կործանիչներ և Սու-25ՍՄ հարվածային ինքնաթիռներ։

Ռուսական զորքերի և տեխնիկայի լայնածավալ փոխանցումը Մինսկին զորավարժությունների պատրվակով անհանգստություն է առաջացրել արևմտյաներկրներում և Ուկրաինայում։

Ռուսական զորքերը կենտրոնացած են բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ։ Արևմուտքը վախենում է, որ Ռուսաստանը խմբավորում է ստեղծում այդ տարածքներում՝ հետագայում Ուկրաինա ներխուժելու համար: Վերջին հաշվարկների համաձայն՝ Ուկրաինայի հետ սահմանների մոտ արդեն կենտրոնացած է մոտ 120 հազար ռուս զինվորական։ Ընդ որում, Բելառուսի սահմանից մինչև Կիև հեռավորությունն ավելի քիչ է, քան ռուսական սահմանից։

Արևմուտքը կոչ է անում Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայի սահմաններից և սպառնում աննախադեպ պատժամիջոցներով։

Ռուսաստանը հայտարարում է, որ չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա և մեղադրում է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու և Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու մեջ։

XS
SM
MD
LG