Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճել են սպառողական գները


ԱՄՆ-ի սպառողական գները հունվարին աճել են տարեկան 7,5 տոկոսով, ինչը ամենաարագ աճն է վերջին չորս տասնամյակների ընթացքում, հինգշաբթի օրն այս մասին հաղորդել է աշխատանքի նախարարությունը:

Ըստ կառավարության, ամերիկացիները բախվում են մեքենաների, կենցաղային կահույքի և տեխնիկայի ավելի մեծ ծախսերի հետ: Սակայն ընտանիքները հիմնականում տուժում են սննդամթերքի աճող գների արդյունքում: Խոսքը հիմնականում մսամթերքի, ձվի, ցիտրուսային մրգերի և բանջարեղենի աճող գների մասին է: Գնային նկատելի աճ է արձանագրել նաեւ բենզինը:

Ինչպես Bankrate.com-ի գլխավոր ֆինանսական վերլուծաբան Գրեգ ՄաքԲրայդն է ասում. «Անցած տարվա ընթացքում 20%-ով աճել են ոչ միայն բնակարանների գները, այլև նկատելիորեն աճ են գրանցել վարձավճարները:

Ըստ Ռոյթերսի, համավարակից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը ներկա պահին գրանցում է կտրուկ աճ, ինչը գերազանցում է տնտեսագետների նախնական կանխատեսումները: 2021 թվականին աճը կազմել է 5,7%, ինչը 1984 թվականից ի վեր ամենաարագ աճն է ամբողջ մեկ տարվա ընթացքում:

Աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում հունվար ամսին բացվել է 467,000 նոր աշխատատեղ, երբ գործազրկության մակարդակը հասել է 4%-ի: Այս բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ ավելի մեծաթիվ գործազուրկներ են այսօր փնտրում աշխատանք: Անցյալ տարի ձեռնարկություններն ավելացրել են ռեկորդային 6,4 միլիոն աշխատատեղ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Աշխատանքի նախարարությունը տեղակացնում է որ 223,000 գործազուրկ անձինք են դիմել փոխհատուցման համար, ինչը 16,000-ով պակաս է նախորդ շաբաթվա վերանայված ցուցանիշից:

Տնտեսագետները կանխատեսում են, որ ժամանակի ընթացքում գնաճային ճնշումները կթուլանան։

XS
SM
MD
LG