Մատչելի հղումներ

Շարունակվում են պատերազմը կանխելու դիվանագիտական ջանքերը


Մեծ Բրիտանիան 1000 զինվորականների բերել է պատրաստ վիճակի՝ աջակցություն ցուցաբերելու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի դեպքում: Որոշումն այս մասին կայացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի և Լեհաստանի ղեկավարների հետ անցկացվելիք հանդիպումներից առաջ:

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայից չորեքշաբթի օրը ստացված ռազմական առաքումների համար, երբ լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին շարունակում է մնալ սուր: Ինչպես Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովն է ասում, «Ռազմական այս օգնությունն առաջին հերթին կապահովի տարածքային պաշտպանությունը Ուկրաինայի սահմանների մոտ։ Սա լավ ազդանշան կլինի` ուղղված ագրեսորին այն մասին, որ մենք միշտ պատրաստ ենք հակազդել այդ երկրի բոլոր գործողություններին»։

Առաքումը, որը ներառում էր սաղավարտներ և զրահաբաճկոններ, համաձայնեցվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ջոնսոնի հանդիպման ժամանակ։

Բրյուսելում և Վարշավայում Բորիս Ջոնսոնը շեշտելու է ՆԱՏՕ-ի սկզբունքներն ամուր պահելու անհրաժեշտությունը և քննարկելու է այն ուղիները, որոնց միջոցով իր երկիրը կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել, երբ Ռուսաստանը շարունակում է զորքերի կուտակումներն Ուկրաինայի սահմանի մոտ:

Ջոնսոնի այցն իրականացվում է այս օրերին շարունակվող միջազգային դիվանագիտության ջանքերի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթվա սկզբին հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպումներէ ունենալու ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ղեկավար անձանց հետ:

XS
SM
MD
LG