Մատչելի հղումներ

Կանցլեր Շոլցի առաջին այցը ԱՄՆ կհստակեցնի Ռուսաստանի նկատմամբ Գերմանիայի դիրքորոշումը


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ հավաստիացնելու համար ԱՄՆ-ի իշխանություններին, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու գործում Գերմանիան միասնական է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ:

Շոլցն ասել է, որ Մոսկվան «բարձր գին» կվճարի հարձակման դեպքում: Սակայն Ուկրաինային մահաբեր զենքեր մատակարարելուց, իր զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում ավելացնելուց կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու Բեռլինի դիրքորոշումն արժանացել է լուրջ քննադատության ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ երկրի ներսում:

«Գերմանացիները... շատ ավելի քիչ են անում, քան պետք է անեին»,- ասել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը՝ իր հայրենի Քոնեքթիքութ նահանգում ուկրաինացի ամերիկացիների առջեւ արտասանած ելույթում:

Նույն տեսակետն ունի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը, որը զարմանք է արտահայտել այն կապակցությամբ, որ Բեռլինը ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիային դեռեւս չի հայտնել Ուկրաինային գերմանական հաուբիցներ հանձնելու հավանություն:

Հանրային ելույթներում գերմանացի պաշտոնյաները պնդում են, որ Գերմանիան անում է իր բաժինը։ Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Էմիլի Հաբերը, հունվար ամսին ելույթ ունենալով Fox News-ի եթերում, պաշտպանել էր Բեռլինի դիրքորոշումը զենքի արտահանման հարցում և ընդգծել Բեռլինի կողմից Ուկրաինային տրամադրվող ‘’առատաձեռն տնտեսական օգնությունը’’։

Այնուամենայնիվ, ըստ գերմանական ‘’Der Spiegel’’ շաբաթաթերթի, Հաբերը գաղտնի դիվանագիտական հեռագրում զգուշացրել է, որ Գերմանիան վտանգված է որպես անվստահելի գործընկեր Վաշինգտոնում:

Գերմանիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից և «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումից, նույնպես հայտնվել է քննադատության թիրախում։ Նախագծին երկար ժամանակ դեմ է եղել Միացյալ Նահանգները: Սակայն նախագծին մեծապես աջակցում են նաեւ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Գերմանիայի ձախ-կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս Օլաֆ Շոլցի։

Փետրվարի 4-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, այն մասին, որ Շրյոդերը, որն Ուկրաինային մեղադրում է Ռուսաստանին դեմ ‘’սուր թափահարելու’’ քաղաքականության մեջ, առաջադրվել է ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Մի հանգամանք, որը վերջինիս կդնի քաղաքականապես ծանր դրության մեջ:

Նման ուղեբեռով է Գերմանիայի կանցլեր Շոլցը երկուշաբթի օրը հանդիպումներ ունենալու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի անդամների հետ։

Եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ էր քննադատում Գերմանիային՝ մեղադրելով նրան միջազգային ասպարեզում իր դերը չկատարելու մեջ, ապա Սպիտակ տան ներկա ղեկավար Ջո Բայդենը փորձում է վերականգնել հարաբերությունները Բեռլինի հետ։

Այնուամենայնիվ, ինչ էլ որ Գերմանիան անի Ուկրաինային աջակցելու համար, ամենայն հավանականությամբ, կունենա իր արժեքը:

Ուկրաինային 5000 սաղավարտ մատակարարելու մասին Բունդեսթագի որոշումը դարձել է համընդհանուր ծաղրի պատճառ: Դրանից հետո Կիևը Գերմանիայից ավելի մեծածավալ զինտեխնիկա և զինամթերք է խնդրել` Բեռլինին դնելով անհարմար դրության մեջ:

Գերմանիայի ղեկավարության որոշ անդամներ մտահոգված են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, առավել եւս լայնածավալ հակամարտության մասին ցանկացած հիշատակում կարող է հանգեցնել Եվրոպայում գազի առանց այն էլ բարձր գների է՛լ ավելի բարձրացմանը: Մտավախություններ, որոնք, ինչպես փորձագետներն են ասում, անհիմն չեն:

XS
SM
MD
LG