Մատչելի հղումներ

Նյու Յորքի բնակելի շենքում մահաբեր հրդեհին զոհ գնացած անձանց թիվը հասել է 19-ի


Նյու Յորքի Բրոնքս թաղամասում բնակելի շենքում կիրակի օրը բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ ինը երեխա: Տասնյակ մարդիկ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի խոսքերով. «Ցավալի պահ է բոլորի համար: Այս հրդեհը Նյու Յորքում մեր տեսած ամենասարսափելի հրդեհներից մեկն էր», ասել է նա։

Ավելի վաղ, կիրակի օրը պաշտոնատար անձինք հայտնել էին, որ 32 մարդ հոսպիտալացվել է, որոնցից մի քանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես Reuters գործակալությունն է տեղեկացնում, շտապօգնության աշխատակիցներն արհեստական շնչառություն են տվել վիրավորներին: Հրշեջները փորձել են ծուխը շենքից դուրս մղել հրշեջ խողովակների միջոցով: Նրանք կոտրել են շենքի որոշ ապակիներ, որպեսզի ծուխը կարողանար հեռանալ շենքի ներսից:

Հրդեհի պատճառները դեռ հետաքննվում են, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է քաղաքի հրշեջ ծառայության հանձնակատար Դանիել Նիգրոն: Ավելի ուշ ստացվել են տեղեկություններ այն մասին, որ հրդեհը կարող էր սկսվել էլեկտրական մի ջեռուցիչի պատճառով:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիչի Տորեսը MSNBC-ին ասել է, որ «տասնամյակների ընթացքում համապատասխան ներդրումներ չկատարելու արդյունքում, մի շարք շենքերում է առկա նման իրավիճակ:

Ըստ Դանիել Նիգրոյի, ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում հավանաբար այն պատճառով, որ հրդեհը սկսված բնակարանում դուռը եղել է բաց: Մոտ 200 հրշեջներ են օգնել կրակը մարելու համար:

ԱՄՆ-ում անցած մեկ շաբաթվա ընթացքում բնակարանային համալիրում բռնկված երկրորդ մեծ հրդեհն էր սա: Անցած չորեքշաբթի օրը Ֆիլադելֆիայի բնակելի շենքերից մեկում սկսված հրդեհը խլել էր տասներկու մարդու կյանք, որոնցից ութը եղել են երեխաներ:

XS
SM
MD
LG