Մատչելի հղումներ

Ղազախստանում ապստամբության ալիքը չի մարում. Զոհվել են տասնյակ ոստիկաններ ու ցուցարարներ


Ղազախստանում անկարգությունները շարունակվում են: Հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթան և ամենամեծ քաղաք` Ալմաթի, որտեղ չորեքշաբթի օրը հրկիզել են կառավարության շենքերից մեկը։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է միջազգային օգնության խնդրանքով: Ռոյթերսից ստացված տեսագրություններում երեւում է, թե ինչպես են գազի գների բարձրացման արդյունքում սկսված ապստամբության մասնակիցները չորեքշաբթի օրն այրում Ալմաթիի նախագահական նստավայրը և քաղաքապետարանը։

Հաղորդվում է, որ ոստիկանները կրակել են բացել նստավայրի դեմ իրականացված հարձակման որոշ մասնակիցների ուղղությամբ և օգտագործել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ժամանակավոր կաթված առաջացնող նռնակներ՝ ամբոխը ցրելու համար:

Իշխանությունները հայտնել են, որ չորեքշաբթի օրն ութ ոստիկաններ և ազգային գվարդիայի անդամներ են զոհվել, ավելի քան 300-ը վիրավորվել են:

Այժմ երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել։

Ըստ Ռոյթերսի, հինգշաբթի օրը կրկին դաժան բախումներ են սկսվել Ալմաթիի քաղաքապետարանում, որտեղ մոտ 250 ցուցարարներ հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Ղազախստանում տեղի ունեցող անկարգություններին և զսպվածության կոչ է անում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը՝ կազմակերպության բարձրագույն մարմինը, որոշում է կայացրել խաղաղապահ ուժեր տեղակայել Ղազախստանում, հինգշաբթի օրը հայտարարել է խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այդ խնդրանքով է դիմել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Վերջինս, որը հանդես է եկել ցուցարարների դեմ ավելի կոշտ գործողություններ սկսելու սպառնալիքով, նախորդ օրն ընդունել էր երկրի կառավարության հրաժարականը:

Սակայն նա նաեւ խոստացել է ստեղծել խումբ, որը կհետաքննի այս բողոքի ալիքի պատճառ դարձած գների թանկացումը։

XS
SM
MD
LG