Մատչելի հղումներ

Լրանում է Կապիտոլիումի դեմ իրագործված գրոհի մեկ տարին. Ո՞վ է կազմակերպիչը


Անցյալ տարի ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ սկսված հարձակման շուրջ դեռեւս կան բազմաթիվ հարցեր, որոնցից գլխավորն այն է, թե իրականում ով էր դրա գլխավոր կազմակերպիչը: Ի դեպ Կոնգրեսի նստավայրի դեմ անցած երկու հարյուր տարվա ընթացքում այն ամենածանր գրոհն էր:

Նախկին նախագահ Թրամփի մեծաթիվ կողմնակիցներ պնդում են, որ չի իրագործվել օրենքի շատ լուրջ խախտում: Մինչդեռ քննադատների խոսքերով, Թրամփն է իր կողմնակիցներին ուղղորդել դեպի Կոնգրեսի նստավայր` Ջո Բայդենի ընտրություններում տարած հաղթանակը՝տապալելու համար:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի խոսքերով, ինքը երբեք չի ներելու Միացյալ Նահանգների նախկին նախագահին, և նրա ‘’սպասավորներին’’ Կապիտոլիումի դեմ իրականացված այս գործողության համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ապստամբությունից ընդամենը մի քանի օր անց իմփիչմենթի ենթարկեց Թրամփին՝ պնդելով, որ նա է մեղավոր ապստամբությունը հրահրելու մեջ: Սակայն երկրի Սենատը փետրվար ամսին ազատեց նախկին նախագահին այդ մեղադրանքից:

Դրանից հետո օրենսդիրները բազմաթիվ լսումներ անցկացրին այդ հարցով: Հունիսի վերջին Ներկայացուցիչների պալատը ստեղծեց հատուկ ընտրովի հանձնաժողով՝ Թրամփի գործողությունները հետաքննելու համար: Հանձնաժողովը դատաքննության է կանչել Սպիտակ տան նախկին պաշտոնյաներին և Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցներին:

Ակնկալվում է, որ հանձնաժողովն իր հետաքննության վերաբերյալ զեկույց կհրապարակի մինչև 2022 թվականի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները: Սակայն այստեղ կա մի կարեւոր հանգամանք. Զեկույցի բացահայտումները պարտադիր իրագործելի չեն համարվում:

Մինչ այժմ այս հարցով մեղադրանք է առաջադրվել 704 անձանց նկատմամբ: Մոտ 70-ից 80 անձանց նկատմամբ ներկայացված են շատ լուրջ, այդ թվում` դավադրության մասին մեղադրանքներ:

Հինգ մարդ էր մահացել հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների ժամանակ:

Հիմա գլխավոր հարցն այն է, թե արդյոք քաոսն առաջ էր եկել ինքնաբուխ կերպով, թե ուղորդվել էր այն ժամանակ դեռ նախագահի պաշտոնում գտնվող Դոնալդ Թրամփի կողմից:

XS
SM
MD
LG