Սպիտակ տան հաղորդմամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին Վաշինգտոնումհանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
"Պարոն Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության առնչությամբ և շեշտել է, որ ռազմական տեղաշարժը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ է: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահություն առաջացնող մեթոդներին ու տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը ողջունել է երեկ տեղի ունեցած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ քննարկելու կարգավորման գործընթացը",- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը "Ժողովրդավարության գագաթնաժողով"-ին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման հարցում: