Մատչելի հղումներ

«Հույս ունենք, որ մենք միայնակ չենք». ՀՀ վարչապետ


Ժողովրդավարության հեռավար գագաթնաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին` բռնակալության դեմ պայքարի գործում: Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետը

Ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում հետընթաց է ապրում ավտորիտար համակարգի կայունացման պայմաններում:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների դեմ մարտահրավերների պայմաններում, անհրաժեշտ է ժողովրդավարական արժեքները պաշտպանող ուժ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժողովրդավարության գագաթնաժողովի բացման իր խոսքում:

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահը հյուրընկալել էր հեռավար Ժողովրդավարության գագաթնաժողովը, որը համախմբեց ավելի քան 100 երկրների՝ ժողովրդավարության զարգացման օրակարգի շուրջ։

Գագաթնաժողովի մասնակիցների շարքում էր նաև Հայաստանը ի դեմս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը:

«Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով: Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականության իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների ինչպես արտաքին, ի դեմս «անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներ», այնպես էլ երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարի ընթացքում:

«Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է միավորենք մեր ուժը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»,- ասել է նա:

Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, ժողովրդավարության հետընթացը ամբողջ աշխարհում փոխել է հավասարակշռությունը հօգուտ բռնակալության: «Freedom House-ի գործադիր փոխնախագահ Նիկոլ Բիբինս Սեդական իրավիճակը որակում է իրական մտահոգիչ: Այն, ինչ մենք տեսնում ենք նաև, սպառնալիք է ժողովրդավարության աջակիցներին և իրավապաշտպաններին, ասում է նա՝ նշելով, որ վերջիններս հայտնվում են ավտորիտար բռնակալների թիրախում նաև իրենց երկրների սահմաններից դուրս, նշել է Նիկոլ Բիբինս Սեդական Ամերիկայի Ձայնին Սքայփով տրված հարցազրույցում:

Իր խոսքում ԱՄՆ նախագահ Բայդենը խոստովանել էր, որ ԱՄՆ-ում ևս արձանագրվել էր ժողովրդավարության հետընթաց, և որ Վաշինգտոնը ևս խոցելի է այս զարգացումների համատեքստում: Նա շեշտում է՝ մեր ժողովրդավարության զարգացումը և մեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը պահանջում են մշտական ջանքեր: Ըստ նրա՝ ամերիկյան ժողովրդավարությունը շարունակաբար պայքարում է ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխանելու և իր երկրի ներսում հանրային բեւեռացումը վերացնելու համար:

Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը կավարտվի ուրբաթ։ Մոտ մեկ տարի անց նախատեսվում է անցկացնել նոր գագաթնաժողով, այս անգամ ոչ հեռավար։

Facebook Forum

XS
SM
MD
LG