Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ադրբեջանի մասին կոնգրեսական Փալոնի ներկայացրած ուղղումը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը: Փոփոխությունը կնպաստի մարդու իրավունքների առաջխաղացմանն ամբողջ աշխարհում՝ պահանջելով պաշտպանության նախարարությունից վերանայել առկա պահանջները օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների ուսուցում անցկացնելու համար, որոնք մասնակցում են անվտանգության համագործակցության ծրագրերին, ինչպիսին է Բաժին 333 Գործընկերների կարողությունների զարգացում ծրագիրը: Փոփոխությունը կապահովի ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխանությունը, որն արգելում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված երկրների ազգային անվտանգության ուժերին դրամական միջոցների հատկացումը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտը ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղումը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաեւ գերված խաղաղ բնակիչներին, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել որպես սակարկության առարկա: Այս ձեւակերպումը հետագայում պահանջում է նաեւ 2020 թվականի աշնանը ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից նախաձեռնված մահացու 44-օրյա պատերազմի վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից զեկույց: Զեկույցը պետք է ներկայացնի հակամարտության ընթացքում օգտագործված ամերիկյան զենքերի եւ տեխնոլոգիական միջոցների մասին փաստեր, արտաքին դերակատարների միջամտության մասին տեղեկություններ, որոնցից մեծապես օգտվել է Ադրբեջանը: Փոփոխությունը պահանջում է նաեւ, որպեսզի նախարարությունը գնահատական տա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներն անտեսելու փաստերին:

«Միացյալ Նահանգները երկար ժամանակ է կանգնած որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների փարոս՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկական պատկանելությունից և ազգությունից: Մենք պետք է շարունակենք օրինակ ծառայել և ապահովել, որ քաղաքացիներից հարկերի տեսքով գանձված գումարները չհակասեն մեր արժեքներին մեր երկրի ներսում ու մեր սահմաններից դուրս», - ասել է Փալոնը: «Իմ ուղղումը հստակ ազդանշան է ուղարկում, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում իր ժողովրդավարական չափանիշներին և խաղաղության նկատմամբ մեր նվիրվածությանը՝ ապահովելով մեր անվտանգության աջակցության վերահսկողությունը», ասել է նա:

«Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես հրատապ է դարձնում այս փոփոխությունները։ Միացյալ Նահանգները չպետք է որևէ պատճառով օգնի և աջակցի անխոհեմ, ավտոկրատ պետություններին, որոնք ունեն մարդու իրավունքների սարսափելի արձանագրումներ: Մեր ջանքերի շնորհիվ պաշտպանության նախարարությունից այժմ պահանջվում է մանրակրկիտ կերպով հետաքննություն անցկացնել, որը ուշադրություն կդարձնի անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին և կկենտրոնանա հայկական տարածքում նրանց կողմից մինչ օրս շարունակվող մահացու գործողությունների վրա: Այս զեկույցից ստացված տվյալները մեզ կօգնեն վերջապես վերջ տալ Ալիևի մարդասպան վարչակարգին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորմանը և փոխարենը կոչ անել ուժեղ աջակցություն ցուցաբերել այնպիսի ժողովրդավարական երկրների, ինչպիսին Հայաստանն է», - եզրափակել է Փալոնը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը կարևոր քայլ է նախարարության Գործընկերների կարողությունների զարգացման ծրագրի համար, որը հսկայական գումարներ է ուղարկել մարդու իրավունքները ոտնահարող վարչակարգերին և բռնապետերին, այդ թվում՝մարդու իրավունքները խախտելու մասին բազմաթիվ փաստերով հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նախարարությունը ծրագրի վրա վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար: Թեև Պետդեպարտամենտը շեշտել է ադրբեջանական սահմանային ստորաբաժանումների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքերի մասին, այդ ուժերը ծրագրի միջոցով 2018 և 2019 ֆինանսական տարիներին ստացել են ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն:

XS
SM
MD
LG