Մատչելի հղումներ

Քվեարկությունը Կոնգրեսում կանխեց կառավարության փակումը


Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրն ընդունեց մինչև փետրվարի կեսերը կառավարությանը ֆինանսավորելու մասին օրինագիծը՝ կանխելով փակման վտանգը

Այսպիսով դեմոկրատներին հաջողվեց հաղթահարել որոշ հանրապետականների կողմից պատվաստանյութերի մանդատների դեմ բողոքի միջոցով քվեարկությունը հետաձգելու փորձերը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

69 կողմ 28 դեմ ձայների հարաբերակցությամբ պահպանվեց կառավարության ֆինանսավորման ընթացիկ մակարդակը մինչև փետրվարի 18-ը, որը կստորագրի նաև դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը:

Սենատը գործեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը հաստատեց այս օրինագիծը 221 կողմ 212 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընդդիմությունից կողմ էր քվեարկել միայն մեկ հանրապետական:

Այժմ Կոնգրեսին սպասում է ևս մեկ հրատապ վերջնաժամկետ: Դաշնային կառավարությունը մոտենում է իր 28,9 տրիլիոն դոլար պարտքի սահմանագծին, որին ֆինանսների նախարարության գնահատականով այն կհասնի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս սահմանագիծը ժամանակին չերկարացնելու դեպքում պետությանը սպառնում է տնտեսական դեֆոլտ:

Այս քվեարկությունը ժամանակավորապես վերջ դրեց այն մտավախությանը, որ կառավարությունը կարող էր փակվել COVID-19-ի նոր վտանգավոր Omicron տարբերակի պատճառով: Փակումը կարող էր հանգեցնել որոշ բժշկական և հետազոտական ներուժի կրճատման:

Սենատում դեմոկրատները տապալեցին մի քանի պահպանողական հանրապետականների՝ օրինագծում փոփոխություն մտցնելու փորձերը, որոնք պետք է կանխեին Բայդենի վարչակազմի կողմից պատվաստման պարտադիր մանդատի կիրառումը շատ ամերիկացիների նկատմամբ:

Հանրապետական սենատորներ Մայք Լին, Թեդ Քրուզը և Ռոջեր Մարշալն ավելի վաղ չէին բացառել, որ կառավարությունը կարող է մասամբ փակվել հանգստյան օրերին, մինչդեռ Սենատը դանդաղորեն շարժվում էր դեպի վերջնական ընդունում:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը պնդում էր, որ Կոնգրեսի անգործության պատճառով կառավարությունը չի փակվի: Սակայն վերջինս ստիպված էր ջանքեր գործադրել իր հանրապետական գործընկերներին համուզելու, որպեսզի նրանք կողմ քվեարկեին օրինագծի օգտին:

Կառավարության մասնակի փակումը քաղաքական ճգնաժամ կստեղծեր երկու կուսակցությունների համար, բայց հատկապես Բայդենի վարչակազմի, քանի որ դեմոկրատները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները:

Այն փաստը, որ ժամանակավոր ծախսերի օրինագիծը երկարաձգում է կառավարության ֆինանսավորումը մինչև փետրվար, ենթադրում է հանրապետականների հաղթանակը փակ բանակցություններում: Այն ուժի մեջ մտնելուց հետո դեմոկրատները և հանրապետականները կունենան մոտ 12 շաբաթ՝ իրենց տարաձայնությունները վերջնականապես հարթելու տարեկան հատկացումների օրինագծերի շուրջ: Այդ օրինագծերը չեն ներառում պարտադիր ֆինանսավորում այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են Սոցիալական ապահովության կենսաթոշակային պլանը, որոնք երկարաձգվում են ինքնաբերաբար:

Facebook Forum

XS
SM
MD
LG