Մատչելի հղումներ

Օմիկրոնի առաջին դեպքը` Միացյալ Նահանգներում


Քովիդ 19 հիվանդության Օմիկրոն անվանումը ստացած ենթատեսակով հիվանդության դեպքերի աճն այսօր ստիպել է առնվազն 55 երկրների իրականացնել ճանապարհորդական սահմանափակումներ:

Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչիի խոսքերով, «Երեկվա դրությամբ հաստատված դեպքերը եղել են 205, որոնք գրանցվել են 18 երկրներում, և հենց այսօր առավոտյան, 20 երկրներում այդ թիվը հասել է 226-ի: Պետք է ակնկալել, որ այդ թվերն արագ կփոխվեն»:

Բայդենի վարչակազմն աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն ջանքերը, որոնք նպատակ ունեն ստեղծել նոր միջազգային համաձայնագիր ապագա համաճարակների դեմ պատրաստության և արձագանքման վերաբերյալ:

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին է ասել, «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել անդամ երկրների հետ՝ առաջ քաշելու աշխատանքային խմբի վերջին առաջարկությունները»:

Ակնկալվում է, որ պայմանագիրը պատրաստ կլինի 2024 թվականի մայիսին։

Մարդասիրական կազմակերպություններն ասում են, որ համաճարակի շուրջ պայմանագրերը պետք է ընդգրկեն կետեր, որոնց համաձայն պատվաստանյութ ստեղծած ընկերությունները պարտավորվում են հրաժարվել իրենց հեղինակային իրավունքից, որպեսզի այլ ընկերություններ եւս ստանան տվյալ պատվաստանյութն արտադրելու իրավունք:

Դյուկի համալսարանի հետազոտության համաձայն, համաճարակը բռնկվելուց գրեթե երկու տարի անց աշխարհը շարունակում է պայքարել հիվանդությանն արդյունավետ պատասխան տալու համար:

Տրված խոստումներն ու ստանձնած պարտավորություններն էլ հիմնականում մնում են անկատար:

Իսկ վերջին հաղորդագրությունների համաձայն, Օմիկրոնի առաջին դեպքն է հայտնաբերվել նաեւ ԱՄՆ-ում: Նշված անձը Կալիֆոռնիա է վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Ըստ Էնթոնի Ֆաուչիի, նա եղել է ամբողջությամբ պատվաստված, սակայն չի ստացել երրորդ` խթանիչ չափաբաժինը: Նրա մոտ նկատվում են հիվանդության միայն թեթև ախտանշաններ:

Ըստ փորձագետների, Omicron-ը «կարող է խուսափել» պատվաստանյութերի պաշտպանական որոշ հատկություններից:

XS
SM
MD
LG