Օրեր անց այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտարարեցին կորոնավիրուսային հիվանդության մուտացված նոր տարբերակի հայտնաբերման մասին, որն այժմ հայտնի է որպես օմիկրոն, դեպի Յոհանեսբուրգ ուղևորվորները տարակուսանքի մեջ են. լոքդաունի արդյունքում շատերը զրկված են ճանապարհորդելուց և չեն կարողանում տեսնել իրենց հարազատներին:
Շատ երկրներ արդեն սկսել են արգելել կամ սահմանափակել ճանապարհորդությունը հարավաֆրիկյան երկրներից: Ըստ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Ֆահլայի՝ որոշ երկրների կողմից ի արձագանք նոր շտամի նոր արգելքների սահմանումը լիովին հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերին և չափանիշներին: Դոկտոր Ֆահլան ճամփորդության հետ կապված այս նոր սահմանափակումներն անվանել է «դրակոնյան»:
Կիրակի օրը ԱՄՆ նախագահի առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին նշել է, որ ճանապարհորդական սահմանափակումները չեն կանգնեցնի վիրուսի տարածումն, այլ ընդամենը ժամանակ կշահեն` գործելու համար: ABC-ի եթերում նա կոչ արեց այս ընթացքում աշխատել շտկել բոլոր բացթողումները, շարունակել պատվաստումներն ու քարոզչությունն այս ուղղությամբ, որի արդյուքում ավելի շատ մարդիկ կպատվաստվեն:
Նա գովաբանության խոսքեր ուղղեց Հարավային Աֆրիկայի պաշտոնյաների հասցեին՝ թափանցիկ գործելու, «օմիկրոն» տարբերակի մանրամասները բացահայտելու և տարածելու համար: Նա պնդում է, որ դեռ վաղ է խոսել արգելափակումների մասին՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները նախատեսում են կրկին հանդիպել կիրակի օրը:
Ուրբաթ օրը Հարավային Աֆրիկայից երկու չվերթով Նիդեռլանդներ ժամանած 61 ուղևորների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Կիրակի օրը Նիդեռլանդների առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ այդ խմբում հայտնաբերել են «օմիկրոն» տարբերակի առնվազն 13 դեպք:
Facebook Forum