Մատչելի հղումներ

Պենտագոնի ղեկավար. ԱՄՆ-ը հավատարիմ է Մերձավոր Արևելքի իր պարտավորություններին 


Լլոյդ Օսթինը մասնակցել է շաբաթ օրը Բահրեյնում կայացած «Մանամա երկխոսություն» միջազգային համաժողովին և հանդիպել Բահրեյնի թագաժառանգ արքայազնի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հանդիպել է թագաժառանգ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆային, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

ԱՄՆ ՊՆ նախարարն «ընդգծեց ԱՄՆ-Բահրեյն հարաբերությունների կարևորությունը և շնորհակալություն հայտնեց թագաժառանգին՝ Բահրեյնի հետ կարևորագույն առաջնահերթ հարցերի շուրջ աշխատելու համար, ներառյալ ծովային անվտանգությունը և տարածաշրջանային անվտանգության համագործակցությունը», ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Օսթինը նաև շնորհակալություն է հայտնել թագաժառանգին «Բահրեյնի առաջնորդության համար Մանամայի երկխոսության [միջազգային համաժողովը] կազմակերպման և միջազգային և տարածաշրջանային պաշտոնյաներին կարևոր հնարավորություն ընձեռելու համար՝ Մերձավոր Արևելքում ընդհանուր առաջնահերթությունները և մարտահրավերները քննարկելու նպատակով», ասվում է հայտարարության մեջ:

«Եկեք պարզ լինենք. Ամերիկայի հանձնառությունը Մերձավոր Արևելքում անվտանգությունը պահպանելու հարցում ամուր և անսասան է», - ասել է Օսթինը:

Մերձավոր Արևելքի շատ երկրների իշխանություններ անհանգստացած են տարածաշրջանում ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշմամբ՝ հատկապես հաշվի առնելով Իրանի հետ «միջուկային համաձայնագիր» կնքելու Վաշինգտոնի ցանկությունը և Աֆղանստանից ԱՄՆ-ի դրամատիկ կերպով դուրսբերումը:

Օսթինն ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները ներկա կլինեն Իրանի հետ անուղղակի բանակցություններին՝ ուղղված «միջուկային համաձայնագրի» հնարավոր վերսկսմանը: Բանակցությունները կսկսվեն Վիեննայում նոյեմբերի 29-ին։

«Սակայն Իրանի գործողությունները վերջին ամիսներին հուսադրող չեն եղել, հատկապես միջուկային ծրագրի հարցում», - հավելել է Օսթինը:

Պաշտպանության նախարարը նաեւ ասել է, որ «բարեկամներն ու թշնամիները տեղյակ են» ԱՄՆ-ի հնարավորությունների մասին։

Նա նաև այսօր ասել է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կձգտի Իրանի հետ խնդիրների դիվանագիտական լուծմանը, քանի որ դիվանագիտությունը Բայդենի վարչակազմի «նախընտրելի գործիքն» է։

Facebook Forum

XS
SM
MD
LG