Մատչելի հղումներ

Ֆաուչին ամերիկացիներին կոչ է արել վերապատվաստվել


Պատվաստված ամերիկացիների մոտ մեկ վեցերորդ հատվածն արդեն ստացել է խթանող չափաբաժին

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը կիրակի օրը միլիոնավոր պատվաստված ամերիկացիներին հորդորեց հավելյալ պատվաստումներ կատարել COVID-19-ի դեմ՝ «իրենց կարգավիճակը օպտիմալացնելու համար»:

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Միացյալ Նահանգներում 196 միլիոն ամերիկացներից 34,5 միլիոնը ստացել է խթանիչ դեղաչափեր: Միևնույն ժամանակ, մոտավորապես 60 միլիոն մարդ ընդհանրապես դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով նախագահ Ջո Բայդենի առողջապահության ոլորտի գլխավոր խորհրդականն է, այս շաբաթ ''ABC''-ի եթերում ասել է, որ հավելյալ պատվաստումների հարցում չկա որևէ անորոշություն, քանի որ պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է։ Նա ասաց, որ հավելյալ պատվաստումները կբարձրացնեն մարդկանց դիմադրողականությունը վիրուսի նկատմամբ, թեև պարզ չէ, թե արդյոք ապագայում նրանք պետք է վերապատվաստվեն վեց ամիսը, թե մեկ տարին մեկ:

CDC-ի խորհրդատվական խորհուրդը ուրբաթ օրը միաձայն քվեարկեց հօգուտ խթանիչ պատվաստանյութերը 18 տարեկանից բարձր անձանց համար հասանելի դարձնելու օգտին:

ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդների թիվը կրկին աճում է. վերջին օրերին օրական գրանցվում է ավելի քան 90,000 նոր դեպք: Սա անակնկալ չէ, ասաց Ֆաուչին, քանի որ ձմռան ամիսներին ավելի ցուրտ է, և ավելի շատ մարդիկ մնում են տանը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ լիովին պատվաստված անձինք կարող են նոյեմբերի 25-ի Գոհաբանության օրը նշել առանց դիմակների:

CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին օրերս հավանություն է տվել խթանիչ պատվաստումների հասանելիության ընդլայնմանը, երբ Սննդի և դեղերի վարչությունը երկարաձգել է խթանիչ պատվաստանյութերի հաստատումը բոլոր մեծահասակների համար, ովքեր ստացել են Pfizer-BioNTech կամ Moderna պատվաստանյութի երկրորդ դեղաչափը վեց ամիս առաջ կամ ավելի վաղ:

Կարգավորող մարմինը նախկինում արդեն հաստատել էր խթանիչ պատվաստումները Johnson & Johnson-ի մեկ դեղաչափով պատվաստանյութի բոլոր ստացողների համար պատվաստումից երկու ամիս անց:

Facebook Forum

XS
SM
MD
LG