Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պարեկային նավեր է փոխանցել Ուկրաինայի ռազմածովային ուժերին 


Նոյեմբերի 8-ին Բալթիմորից Օդեսա մեկնած ամերիկյան նավը, բեռնված ուկրաինական նավատորմի համար նախատեսված երկու պարեկային նավերով, այս շաբաթ օրն անցել է Սև ծովի նեղուցները

Երկու պարեկային այդ նավերը նախատեսված են ուկրաինական նավատորմի դիրքերը Սև ծովում ամրապնդելու համար։ ԱՄՆ-ը որոշել է դրանք փոխանցել Ուկրաինային այն բանից հետո, երբ լուրջ մտավախություն է ի հայտ եկել ռուսական հնարավոր ագրեսիայի շուրջ։

Ուկրաինացի նավաստիներն արդեն վերապատրաստվել են ԱՄՆ-ում՝ պարեկային նավերի սպասարկման համար։ 2019 թվականին Ուկրաինան արդեն ստացել էր նման երկու նավ։ Դրանց առաքումը կազմում է Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության փաթեթի մի մասը. 2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 2,5 միլիարդ դոլարի օգնություն, հայտնել են Կիևում ԱՄՆ դեսպանատանը:

Միացյալ Նահանգները, Ուկրաինան և ՆԱՏՕ-ն մեղադրում են Ռուսաստանին վերջին շաբաթներին Կիևին սպառնալու մեջ՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսական զինուժի կուտակման պատճառով:

Ռուսաստանը հայտարարում է, որ իրավունք ունի իր զորքերը տեղափոխել իր տարածքում գտնվող ցանկացած վայր և չի նախատեսում հարձակվել որևէ երկրի վրա։ Կրեմլը սեպտեմբերին հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ-ն ընդլայնի իր ռազմական ենթակառուցվածքները Ուկրաինայում, ապա դա կնշանակի, որ դաշինքը հատում է կարմիր գիծը: Այդ ժամանակվանից Մոսկվան սկսել է մեղադրել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին «ապակայունացնող վարքագծի» մեջ, այդ թվում՝ Սև ծովում:

Կիևը կորցրեց իր ռազմածովային հզորության մեծ մասը Ղրիմի բռնակցումից հետո, երբ Ռուսաստանը գրավեց ուկրաինական նավատորմի մի հատվածը: Այդ ժամանակվանից Ուկրաինան փորձում է վերականգնել իր նավատորմը ՆԱՏՕ-ի երկրների օգնությամբ։

Այս ամառ ԱՄՆ պետքարտուղարությունն իր հավանությունն է տվել Ուկրաինային մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ շուրջ 16 Mark VI պարեկային նավեր և հարակից սարքավորումներ վաճառելու հարցում:

Ուկրաինան, որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այս տարվա սկզբին ստացավ ամերիկյան զինամթերքի մեծ խմբաքանակ և Javelin հակատանկային հրթիռներ, ինչը հարուցեց Մոսկվայի քննադատությունը, որն ասաց, որ լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարով:

Իր հերթին Ուկրաինան, անհանգստացած իր սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումից, օդադեսանտային զորավարժություն է անցկացրել Կիևի մոտ, երկուշաբթի օրը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, որը հրապարակել համապատասխան կադրեր զորավարժություններից։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինան զորավարժություններ էր անցկացրել նաեւ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի սահմանների մոտ։

Facebook Forum

XS
SM
MD
LG