Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայի սահմաններում էսկալացիա ոչ մեկի հարկավոր չէ


ՆԱՏՕ-ն չի կորցնում իր զգոնությունը և ուշադիր հետևում է իրավիճակին՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմաններին շարունակվող կուտակումներին, ինչպես նաև Ղրիմում և Սև ծովում ռազմական գործողությունների հնարավորությանը: Այս մասին նոյեմբերի 15-ին Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը։

«Ոչ ոքի պետք չէ էսկալացիա. ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանի կողմից. Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Դոնբասում անօրինական զինված խմբավորումներին աջակցությունը»,- ասել է Յենս Ստոլթենբերգը:

Վերջին շաբաթների ընթացքում, նրա խոսքով, ուկրաինական սահմանների մոտ ռուսական խոշոր ռազմական կազմավորումների անսովոր կենտրոնացում է տեղի ունեցել:

«Ռուսաստանի ցանկացած սադրանք եւ ագրեսիվ որեւէ գործողություն մեր մտահոգության առարկան են լինելու», - ընդգծել է Յենս Ստոլտենբերգը։

«Խմբավորման ուժեղացում է նկատվել նաև Ղրիմում և Սև ծովում։ ՆԱՏՕ-ն չի կորցնում իր զգոնությունը, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և շարունակում ենք խորհրդակցել Դաշինքի անդամների և գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի և Եվրամիության հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլթենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միակարծիք են այս իրավիճակում Ռուսաստանին դատապարտելու հարցում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նշել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման։

«Ուկրաինան և նրա դաշնակիցները պետք է կարողանան սերտորեն համակարգել իրենց գործողությունները և ձեռնարկել ցանկացած միջոց, որը կօգնի զսպել Ռուսաստանին և կանխել վատագույն սցենարները»,- ասել է նա։

Նա ներկաներին վստահեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ ամենամոտ գործընկերների հետ համագործակցելով՝ երկիրը հյուսիսային սահմաններում պաշտպանելու համար։

Ինչպես նոյեմբերի 15-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում, Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ ութսուն հազար կիլոգրամ զինամթերք։ Սա Միացյալ Նահանգների կողմից 60 միլիոն դոլարի լրացուցիչ անվտանգության ապահովման 4-րդ մատակարարումն էր:

Հիշեցնենք, որ արևմտյան վերլուծական կենտրոններն ու գործակալությունները նոյեմբերի սկզբից հայտնում էին, որ Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի ուղղությամբ։

Bloomberg-ը, վկայակոչելով Janes-ի տվյալները, հայտնել է, որ T-80U մարտական տանկերի առնվազն մեկ գումարտակ է տեղափոխվել Վորոնեժի շրջանի երկաթուղային կայարան։

Նոյեմբերի 1-ին Politico-ն իր կայքում հրապարակեց նոր նկարներ, որոնք ցույց են տալիս զրահատեխնիկայի, տանկերի և ինքնագնաց հրետանու կուտակումներ Ռուսաստանի Ելնյա քաղաքի տարածքում ցամաքային զորքերի հետ միասին։

«Ուկրինֆորմ» մուլտիմեդիա հեռարձակման հարթակում հրապարակված հոդվածում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռուսլան Դեմչենկոն նոյեմբերի 10-ին ասել է, որ «Ուկրաինային ապակայունացման նոր ալիք է մոտենում, իսկ ավելի ճիշտ՝ դրսից հրահրված ներքին ցնցումներ բոլոր ոլորտներում։ »:

«Խաղաղապահ գործողությունների մասնակիցների միություն» ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Գրաբսկիի խոսքով, Կրեմլում երբեք չեն դադարել նախապատրաստվել Ուկրաինայի կործանմանը։

«Անկախ Ուկրաինայի սահմաններին միշտ լարվածություն է եղել, և հիմա մենք որոշակի փուլում ենք, ականատես ենք տեղակայման դրվագներից մեկին. «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցին ասել է Սերգեյ Գրաբսկին:

Հարցին, թե «այդ գործողությունները կհանգեցնե՞ն լայնածավալ ներխուժման», նա ասել է, «Ռուսաստանն այսօր ունի սահմանափակ ռեսուրսներ, որոնք չի կարող օգտագործել Ուկրաինայի դեմ։ Հարյուր կամ նույնիսկ երկու հարյուր հազար զինվորականները սահմաններին հիմք չեն տալիս ենթադրելու, որ գործողությունը հաջող կլինի։ Հարձակվող խմբավորումը պետք է ունենա առնվազն կրկնակի առավելություն։ Երկրորդը զսպող գործոնն է։ Միջազգային հանրության աջակցությունը կենտրոնացված է Ուկրաինայի կողմում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը, Բալթյան երկրները մշտապես աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի զինված ուժերի զարգացմանը։ Ուկրաինական բանակը Եվրոպայի տասը ամենամարտունակ բանակներից մեկն է»,- ասում է Սերգեյ Գրաբսկին։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ուկրաինան կարող է միանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ փոխգործակցությանը և համատեղ անել հնարավոր ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու ռիսկերն ու սպառնալիքները՝ թույլ չտալու Ռուսաստանի ներխուժումը իր տարածք։

Հանրային քաղաքականության և խորհրդատվության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Բիկովը կարծում է, որ սահմաններին ռուսական ուժերի կուտակումն աննկատ չի մնում ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

Սակայն «ամենակարևորը», ըստ Սերգեյ Բիկովի, այն է, որ ուկրաինական բանակը, նրա պատրաստվածությունն ու մարտունակությունը Ռուսաստանի միջամտության դեպքում, պատրաստ է արժանի հակահարված տալ։

Իրավիճակների մոդելավորման գործակալության տնօրեն Վիտալի Բալան կարծում է, որ Կրեմլը մի քանի նպատակ է հետապնդում՝ սրելով իրավիճակը Ուկրաինայի հետ սահմաններին։

«Ռուսաստանը ոգեշնչված է Չինաստանից, որը փորձում է նման բան անել Թայվանի հետ կապված։ Սա շեղում է ԱՄՆ-ի ուշադրությունը, և Կրեմլը կարող է սխալմամբ ենթադրել, որ Ուկրաինան կմնա առանց աջակցության: Պուտինին անհրաժեշտ է նաև Ուկրաինայի դեմ ինչ-որ հաջող գործողություն՝ իր քաղաքացիների աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ներքին քաղաքականությունում հաջողակ լինելու համար նրան անհրաժեշտ է հաջողություն արտաքին ճակատում»,- «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության թղթակցին ասում է Վիտալի Բալան։

Գործնական նպատակներով, նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է Դոնբասի շուրջ բանակցություններ վարել սեփական պայմաններով և ստիպել Ուկրաինային մոռանալ Ղրիմի մասին։

«Սա նման է Ուկրաինայի սահմաններին մկաններով մրցելու խաղին։ Սակայն Ուկրաինան պատրաստ է հակահարված տալ. Անկասկած. Եթե մենք խոսում ենք հնարավոր ցամաքային գործողության մասին՝ հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի զարգացման փաստը, ապա Ռուսաստանը լուրջ հեռանկարներ չունի»,-ընդգծում է Վիտալի Բալան։

XS
SM
MD
LG